Հայաստանի Հանրապետական կուսակցությունը կքննարկի Ազգային ժողովի նոր խոսնակի թեկնածությունը կուսակցության գործադիր մարմնի նիստում, հայտնեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ խոսնակ Հովիկի Աբրահամյանը երկուշաբթի պաշտոնապես հրաժարական է ներկայացրել: Նա մտադիր է ղեկավարել ՀՀԿ նախընտրական շտաբը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ: Կանոնակարգի համաձայն, Ազգային ժողովի նախագահը նիստի ղեկավարին պաշտոնապես ներկայացնում է հրաժարականի վերաբերյալ իր դիմումը, ով ԱԺ առաջիկա նիստի ժամանակ հնչեցնում է այն: Եթե հնգօրյա ժամկետի սպառումից անմիջապես հետո խոսնակը կրկին դիմում ներկայացնի, նրա հրաժարականն ընդունված կհամարվի:
«Կուսակցությունը նմանատիպ կարևոր հարցերը քննարկում է գործադիր մարմնի և Խորհրդի նիստերում, որոնց անցկացման ժամկետն ու օրակարգը դեռ չեն հստակեցվել»,- երկուշաբթի լրագրողներին ասաց նա:
Շարմազանովը նշեց նաև, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականն արտասովոր երևույթ չէ:
«Իշխանությունը կենդանի օրգանիզմ է, այդ պատճառով հրաժարականներն ու տեղափոխությունները նորմալ են ոչ միայն Հայաստանի, այլ նաև ցանկացած ժողովրդավարական երկրի համար»,- ավելացրեց նա:
Աբրահամյանը նշել է, որ Ազգային ժողովի նոր խոսնակի թեկնածությունը ՀՀԿ-ն կքննարկի նոյեմբերի 21-ին:
Ամենահավանական թեկնածուներ են համարում ՀՀԿ-ն ներկայացնող երեք պատգամավորների: Նրանք են՝ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, պետաիրավական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Նիկոյանը և խորհրդարանի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը:
Հարությունյանն արդեն հայտնել է, որ չի ձգտում զբաղեցնել խոսնակի պաշտոնը: Նիկոյանը և Նաղդալյանը դեռ չեն մեկնաբանում այդ լուրերը:
Իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը 131 տեղանոց խորհրդարանում տեղերի մեծամասնությունն ունի՝ 63 մանդատ: Կուսակցությունը գլխավորում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: ՀՀԿ անդամներն են ՀՀ ազգային ժողովի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը և կառավարության նախարարների մեծ մասը: -0-