ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, ում հրաժարականի մասին հայտնի դարձավ երեքշաբթի երեկոյան, հնարավոր է՝ ազատի կառավարության ղեկավարի պաշտոնի «աթոռը» նոյեմբերի վերջին - դեկտեմբերի սկզբին, քանի որ հենց այդ ժամանակ է ակնկալվում, որ խորհրդարանը երկրում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցներ կձեռնարկի, երեքշաբթի լույս չորեքշաբթի գիշերը տեղեկացնում է Il Sole 24 Ore թերթը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կառավարության 2010 թ.-ի ֆինանսական զեկույցի շուրջ քվեարկությունը, որը տեղի է ունեցել երեքշաբթի Ազգային խորհրդարանի պատգամավորների պալատում, ցույց է տվել, որ Բեռլուսկոնին կորցրել է իրեն աջակցող խորհրդարանականների ձայների մեծամասնությունը: Փաստաթղթին կողմ է քվեարկել 630 պատգամավորներից 308-ը:
Դրանից հետո վարչապետը նախագահական Կվիրինալյան պալատում հանդիպել է Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոյի հետ, որի ժամանակ որոշում է ընդունվել, որ Բեռլուսկոնին հրաժարական կտա այն ժամանակ, երբ երկրում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված միջոցներ կձեռնարկվեն:
Ինչպես նշում է Il Sole 24 Ore-ն, չորեքշաբթի կառավարությունն, այսպես կոչված, կայունության օրենքում փոփոխությունների հակաճգնաժամային փաթեթ կներկայացնի, որոնք համաձայնեցվել են ԵՄ ղեկավարության հետ:
Ըստ նախնական տեղեկատվության՝ օրինագիծը կարող է մինչև նոյեմբերի 18-ը հավանության արժանանալ խորհրդարանի գերագույն պալատի (Սենատ) կողմից: Այնուհետև փաստաթուղթը կներկայացվի Պատգամավորների պալատի քննարկմանը:
Տեղական քաղաքական դիտորդների կարծիքով՝ օրենքը կընդունվի նոյեմբերի վերջին կամ դեկտեմբերին առաջին կեսին, ինչից հետո էլ պետք է տեղի ունենա վարչապետի խոստացված հրաժարականը, որին երկար ժամանակ սպասում էին երկրի ընդդիմությունն ու առաջատար արհմիությունները:-0-