Հայաստանի Հանրապետական կուսակցության՝ բարձր պաշտոններ զբաղեցրած անդամների վերջին հրաժարականները կարող են թուլացնել ՀՀԿ-ի դիրքերը, կարծում է «Սոցիոմետր» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Վերջին օրերին Հայաստանում լուրջ կադրային փոփոխություններ տեղի ունեցան: Հոկտեմբերի 28-ին զբաղեցրած պաշտոնից հրաժարվեց Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը: ՀՀԿ-ն քաղաքապետի պաշտոնին առաջարկել է քաղաքապետի տեղակալ Տարոն Մարգարյանի թեկնածությունը (ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին, ով մահացավ 2007թ.-ին):
Բացի այդ, երեքշաբթի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանին՝ նրա փոխարեն նշանակելով պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանին:
Օրերս իր հրաժարականի մասին հայտնեց խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ով 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կգլխավորի իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը:
«Կարծում եմ, որ ՀՀԿ-ի ներկայացուցիչների հրաժարականները կարող են թուլացնել կուսակցության դիրքերը, գաղտնի ընդդիմադիր բնույթ կրել իրենց մեջ, սակայն դա չի նշանակում, թե հրաժարական տված բոլոր պաշտոնատար անձինք ընդդիմության կողմն են անցնում»,- հինգշաբթի լրագրողներին ասաց Ադիբեկյանը:
Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին՝ սոցիոլոգը նշեց, որ «հին» և «նոր» կադրերի միջև իշխանական կառույցներում իշխանության պայքար է գնում:
«Սակայն ճիշտ չեմ համարում հին կադրերի փոխարինումը նորերով մեր երկրի պայմաններում, քանի որ այդ դեպքում փորձի փոխանակում տեղի չի ունենում: Ավելի ճիշտ կլիներ զուգահեռ աշխատանք իրականացնել»,- ասաց Ադիբեկյանը:
Նա անդրադարձավ նաև 2012 թվականի խորհրդարանական ընտրություններին: «Էական փոփոխություններ հնարավոր կլինեն միայն ընդդիմադիր կուսակցությունների միավորման կամ նրանց կողմից իրենց քաղաքականության մեջ ավելի մեծ ճկունություն դրսևորելու դեպքում»,- կարծում է սոցիոլոգը:
Մասնավորապես, ինչպես նշեց Ադիբեկյանը, կոալիցիայի մաս կազմող «Բարգավաճ Հայաստանը» ցանկանում է իր դիրքերն ամրապնդել քաղաքական ասպարեզում, սակայն դրա համար այն պետք է փոխի քաղաքական վեկտորը և կիսաընդդիմադիր դառնա բողոքող ընտրազանգված ներգրավելու համար:
«Հայ ազգային կոնգրեսը, իր հերթին, պետք է կամ միավորվի ընդդիմադիր այլ ուժերի հետ, կամ իշխող կոալիցիայի նկատմամբ ավելի մեղմ քաղաքականություն վարի»,- ասաց սոցիոլոգը: -0-