Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակությանը՝ պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:
Պատվիրակության հետ նա քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցության և միջխորհրդարանական կապերի ամրապնդման հարցեր:
Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են նաև Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր:
Մամուլի հաղորդագրության համաձայն, Սարգսյանը հույս է հայտնել, որ Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը Հայաստան լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը:
Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները:
«Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար և ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան»,-ասել է նախագահ Սարգսյանը:
-0-