Հայաստանի ակտիվ դիրքորոշումը կարող էր խանգարել Ադրբեջանի անդամակցությանը ՄԱԿ-ի ԱԽ-ին, կարծում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:
Հոկտեմբերի 24-ին Ադրբեջանը ընտրվել է ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի Անվտանգության խորհրդի նոր ոչ մշտական անդամ` երկու տարի ժամկետով: ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մնացած չորս նոր անդամների տեղերը բաժին հասան Գվատեմալային, Պակիստանին, Մարոկկոյին և Տոգոյին: Խորհրդի նորացված կազմը իր գործունեությունը կսկսի 2012 թվականի հունվարի 1-ից:
Նշելով, որ ի սկզբանե մրցակցությունն ընթանում էր Սլովենիայի և Ադրբեջանի միջև, Հովհաննիսյանն ասաց, որ եթե այդ գործընթացին միանար նաև Հայաստանը, ապա նա ձայների որոշակի տոկոս իրեն կձգեր:
«Սա բոլորովին այլ պատկեր կստեղծեր: Արդյունքում կձևավորվեր «ամերիկաեվրոպական մոտեցում», կհիշեին, որ այս երկու երկրները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, հակամարտության կողմեր են, և այդ ձևով հնարավոր կլիներ խոչընդոտել Ադրբեջանի ընտրմանը: Սակայն Հայաստանն այդքան էլ ակտիվ չէր այդ պայքարում»,- ասաց նա:
Պատգամավորը միաժամանակ նշեց, որ ստեղծված իրավիճակում պաշտոնատար անձինք, այդ թվում՝ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչները, փորձում են ապացուցել հասարակությանը, թե իբր առանձնապես խնդրահարույց ոչինչ տեղի չի ունեցել, «սակայն դա ճիշտ չէ»:
«Մեր դիվանագիտությունը պետք է դուրս գա կաթվածից և սկսի ակտիվ գործել»,- ասաց նա:
Այս կապակցությամբ Հովհաննիսյանը պարզաբանեց, որ ոչ միայն Բաքուն, այլ նաև միջազգային այլ փորձագետներ արդեն կանխատեսումներ են կատարում՝ կապելով Ադրբեջանի անդամակցումը ՄԱԿ-ի ԱԽ-ին ղարաբաղյան հակամարտության հետ:
Նա ասաց, որ Ադրբեջանը տվյալ կառույցում բավականին մեծ լիազորություններ ունի, մասնավորապես, օրակարգը ձևավորելու իրավունք ունի:
«Նրանք օրակարգում ինչ-որ այլանդակություն կընդգրկեն, ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս անդամները դեմ հանդես կգան, և կսկսվի աշխատանքն այդ այլանդակ փաստաթղթի շուրջ, որով կհարվածեն մեր դիվանագիտությանը»,- ասաց նա, վստահություն չհայտնելով նրանում, թե հայկական դիվանագիտությունը պատրաստ է դիմակայել դրան:
Այդ պատճառով, պատգամավորի խոսքերով, տվյալ իրավիճակից բխող սպառնալիքներն ու կարևորությունը հարթեցնելու բոլոր փորձերն օգուտ չեն բերում հայկական դիվանագիտությանը: «Հակառակը, պետք է հիշել վտանգները և կենտրոնացնել ուժերը»,- ասաց Հովհաննիսյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-