Ընդդիմադիր ՀԱԿ-ի հանրահավաքն ուրբաթ Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է մեկ րոպե լռությամբ՝ որպես հարգանքի տուրք հոկտեմբերի 27-ի ահաբեկության զոհերին հիշատակին, դեպքի վայրից հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը:
«Մենք պետք է հիշենք և գիտակցենք, որ անկախ և ժողովրդավարական Հայաստանի համար մղվող պայքարով մենք, ըստ էության, պայքարում ենք հոկտեմբերի 27-ը կազմակերպած անձանց դեմ», - հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀԱԿ-ի առաջնորդներից մեկը՝ «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը:
Ինչպես ընդգծեց նա, ի վերջո հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները կկանգնեն արդար ժողովրդական դատարանի առաջ:
Հանրահավաքին մասնակցում է մի քանի հազար մարդ: Ենթադրվում է, որ ուրբաթ ընդդիմության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կներկայացնի գործող նախագահի հրաժարականի վերաբերյալ նրանց պահանջների կատարմանն ուղղված հետագա քայլերը:
1999թ.-ի հոկտեմբերի 27-ին մի խումբ ահաբեկիչներ, ներխուժելով Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ, գնդակահարեցին այնտեղ գտնվող երկրի ղեկավարներին, խորհրդարանի և կառավարության անդամներին։ Ահաբեկիչների զոհերը դարձան ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, փոխխոսնակներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիխ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը:
Ահաբեկիչների դատը սկսվեց 2001թ.-ին և ավարտվեց 2003-ին: Մեղադրող կողմը պահանջում էր առավելագույն պատժամիջոց, սակայն 2003թ.-ի սեպտեմբերին Հայաստանում մահապատիժը վերացվեց՝ ԵԽ պարտավորություններին համապատասխան:
Ցմահ բանտարկության դատապարտվեցին վեց ահաբեկիչներ, այդ թվում հանցախմբի պարագլուխ Նաիրի Հունանյանը, նրա եղբայր Կարեն Հունանյանը, նրանց քեռին՝ Վռամ Գալստյանը, ինչպես նաև Դերենիկ Բեջանյանը, Էդիկ Գրիգորյանը և Աշոտ Կնյազյանը։ Համլետ Ստեփանյանը դատապարտվեց 14 տարի ազատազրկման:
Բոլոր յոթը մեղավոր են ճանաչվել ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով՝ հայրենիքի դավաճանություն, ահաբեկչություն, հատկապես վտանգավոր պետական հանցագործությունների իրականացում:
2004թ.-ին Վռամ Գալստյանն ինքնասպան է եղել իր բանտախցում, իսկ Համլետ Ստեփանյանը վաղաժամ մահացել է 2010թ.-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հաստատությունում: -0-