ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանն ԱրմՆյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր համար դժվար էր հրաժարականի վերաբերյալ որոշում կայացնել:
«Ես շատ երկար եմ մտածել դրա մասին և, օգտվելով առիթից, շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի նախագահին, ՀՀԿ-ին և ավագանիներին ինձ ցուցաբերած վստահության համար և, իհարկե, շատ շնորհակալ եմ Երևանի բնակիչներին օժանդակության համար»,- ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ պատրաստվում է հրաժարական տալ, ինչը պայմանավորված է այլ աշխատանքի անցնելով և որոշ անձնական պատճառներով, որոնցով չի ցանկանում ծանրաբեռնել հասարակությանը:
Ինչ վերաբերում է Ռուսաստանում աշխատանքի անցնելու վերաբերյալ լուրերին, ապա նա նշեց, որ դա էական չէ, բայց միաժամանակ չբացառեց նմանատիպ հնարավորությունը:
ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, Կարապետյանին առաջարկվել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության փոխնախագահի պաշտոնը, և առաջիկայում կմեկնի Մոսկվա:
Կարեն Կարապետյանը Երևանի քաղաքապետ է ընտրվել Ավագանիների խորհրդի կողմից Հայաստանի նախագահի առաջարկով՝ 2010 թվականի դեկտեմբերի 17-ին: Մինչև այդ պաշտոնում նշանակվելը նա Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և բաշխման մենաշնորհ ունեցող «ՀայՌուսԳազարդի» (բաժնետերերն են՝ «Գազպրոմ» ԲԲԸ-ն և Հայաստանի կառավարությունը) գլխավոր տնօրեն է եղել: -0