Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին պատկանող գույքն անհրաժեշտ է վերադարձնել, հայտարարեց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ մեկնաբանելով խորհրդարանի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրինագիծը՝ Հայ Առաքելական Եկեղեցին գույքահարկից ազատելու վերաբերյալ:
«Պետությունը փուլ առ փուլ կվերադարձնի եկեղեցու գույքը: Օրենքը մեզ այդպիսի հնարավորություն կտա, և դրանում անսովոր ոչինչ չկա»,- չորեքշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը:
Մեկնաբանելով հարկումից ազատման ենթական գույքի նախնական ցուցակը (ցուցակում հիշատակվում են մի շարք օբյեկտներ, մասնավորապես, առանձնատներ, ֆուտբոլի դաշտեր)՝ նախարարն ընդգծեց, որ ցուցակները կհաստատվեն կառավարության կողմից, և դրանցում կընդգրկվեն միայն այն օբյեկտները, որոնք նախատեսված են հոգևոր ծառայության համար:
«Կառավարությունը կդիտարկի գույքի ցուցակները միայն օրենքի ընդունումից հետո, նրան է վերապահված լիազորությունը քննարկելու, թե որքանով է նպատակահարմար հարկումից ազատել յուրաքանչյուր օբյեկտը»,- նշեց Սարգսյանը:
Կառավարության ղեկավարն ընդգծեց նաև, որ համայնքները ֆինանսական վնաս չեն կրի, քանի որ տարածքային կառավարման նախարարության հաշվարկները ցույց են տալիս, որ այսօր այդ տարածքների համար հարկային վճարումները չնչին են:
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված լրացումները, որով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ազատում է գույքահարկից:
Օրինագծի էությունն է գույքահարկից ազատել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ էջմիածնին) սեփականության իրավունքով պատկանող հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերն ու շինությունները, որոնց ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Գույքի և հողի ցուցակները, որոնք կազատվեն հարկերից, ներկայացվել են ՀԱԵ-ին, սակայն դրանք դեռ մոտավոր ցուցակներ են: Վերջնական ցուցակը կհաստատի կառավարությունը:--0