Շուրջ կես տարի առաջ մեկնարկած Հայաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրի բանակցություններում զգալի առաջընթաց է արձանագրվում:
Ինչպես հաղորդում է հայկական ԱԳՆ մամուլի ծառայությունը, այդ մասին տեղեկացվել է չորեքշաբթի Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի և ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ:
Հաղորդագրության համաձայն, առ այսօր Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային և ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել և ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 19 գլուխ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին` գոհունակությամբ նշելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և համագործակցության խորացող բնույթը:
Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը հանգամանալից քննարկել են համագործակցության տարբեր ձևաչափերով կատարվող աշխատանքները և ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակել Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ և համապարփակ առևտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:
Զրուցակիցները կարևորել են հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվելիք «Շարժունակության շուրջ գործընկերության համատեղ հռչակագիրը», ինչը կխթանի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:
Նույն օրը ԱԳՆ-ում մեկնարկել է Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների յոթերորդ լիագումար նիստը, որը բացել է նախարար Նալբանդյանը: Այնուհետև տեղի է ունեցել աշխատանքային նիստ, որը հայկական կողմից վարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, գլխավոր բանակցող Զոհրաբ Մնացականյանը:
Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները մեկնարկել են 2010 թ.-ի հունիսի 19-ին Երևանում: Մշակվող համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագրին, այն նպատակ ունի խորացնել Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերություններն արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժի, էներգետիկայի ոլորտներում:-0-