Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժը Անկարայի համար լավ շղարշ դարձավ՝ քրդերի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն վարելու համար, երեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում լրագրողներին ասաց «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Կիրակի կեսօրին Թուրքիայի հարավ-արևելքում 7,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Կիրակի լույս երկուշաբթի գիշերը երկրաշարժից տուժած գավառում տեղի է ունեցել ևս մեկ երկրաշարժ, այս անգամ 6,1 մագնիտուդով: Տեղի սեյսմոլոգները կանխատեսում են, որ զոհվածների թիվը կարող է հասնել 500-1000 մարդու: Հայաստանը պատրաստակամություն է հայտնել փրկարարնել ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիա, սակայն պաշտոնական Անկարան հրաժարվել է օգնությունից:
«Երկրաշարժը Թուրքիայի համար առիթ դարձավ շարունակելու առավել ինտենսիվ և լայնամասշտաբ ռազմական գործողությունները քրդերի նկատմամբ ոչ միայն սեփական տարածքում, այլև Իրաքում», - ասաց Բեքարյանը:
Նրա խոսքերով՝ երկրաշարժը, որպես հումանիտար աղետ, դարձավ նպաստող գործոն՝ «լրատվական ժապավենները լցնելու համար՝ դրանց ծածկի տակ ակտիվացնելով սեփական ագրեսիվ քաղաքականությունը»:
Քաղաքագետը նշեց, որ 1915 թ.-ի Հայոց ցեղասպանության ժամանակ լուրերի միջազգային ժապավենները ևս զբաղված էին այլ իրադարձություններով, և թուրքերն առանց խոչընդոտի կարողացան ցեղասպանություն իրականացնել:
«Այժմ ողջ աշխարհի աչքի առաջ 21-րդ դարում տեղի է ունենում նմանատիպ մի բան քրդերի նկատմամբ, ինչը գտնվում է հասարակության ուշադրությունից դուրս, և փաստորեն թուրքերը շատ լավ պահ են գտել՝ իրենց սրտին համար ամենամոտ ձևով այդ հարցը լուծելու համար», - ասաց Բեքարյանը:
Ինչպես կարծում է քաղաքագետը, Հայաստանը պետք է բարձրացնի այս հարցը նվազագույնը երկու պատճառով՝ քանի որ իր վրա է զգացել նմանատիպ քաղաքականության հետևանքները, ինչպես նաև այն պատճառով, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների թվում նաև քրդեր են բնակվում:
Միաժամանակ նա նշեց, որ հպարտություն է առաջացնում այն փաստը, որ Հայաստանը, չնայած բոլոր քաղաքական խնդիրներին և պատմական դժվարություններին, Թուրքիային առաջարկեց իր օգնությունը երկրաշարժի հետևանքների վերացման գործում:
Ներկայումս Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը: 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին երկու երկրների արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի դադարեցման մասին հրամանագիր ստորագրեց՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը: -0-