Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն աննախադեպ է համարում հայ-ամերիկյան հարաբերությունները, հաղորդում է հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Մենք շնորհակալ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներին` մեզ համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող խնդիրներում հավասարակշիռ մոտեցման համար: Այսօր մենք մեր հարաբերությունները գնահատում ենք` աննախադեպ»,- երկուշաբթի ասել է Նախագահ Սարգսյանը՝ հավատարմագրեր ընդունելով Հայաստանում ԱՄՆ Արտակարգ և Լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնից:
Նախագահը շնորհավորել է դեսպան Հեֆերնին պաշտոնավարման կապակցությամբ և հույս հայտնել, որ դիվանագիտական ասպարեզում ունեցած իր փորձով նա կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների առավել խորացմանը:
Սարգսյանը միաժամանակ ընդգծեց, որ Միացյալ Նահանգների հետ Հայաստանի հարաբերությունները լուրջ խթան են տնտեսական զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության ապահովման առումով:
Նա նշեց նաև ԱՄՆ նախկին դեսպան Մարի Յովանովիչի լավ աշխատանքը:
Նորանշանակ դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ խոսքերի համար, իր հերթին ընդգծելով ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների ամրապնդման ու զարգացման կարևորությունը:
«Նախագահ Բարաք Օբաման հատկապես բարձր է գնահատում Ձեր վճռականությունը` տարածաշրջանային հարցերը լուծելու ուղղությամբ, և մենք հաստատակամ ենք` շարունակելու Ձեզ հետ աշխատել տարածաշրջանային խնդիրները լուծելու համարե,- ասել է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Դեսպանը կարևորել է նաև երկկողմ տնտեսական կապերի սերտացումն ու փոխգործակցության ընդլայնմանն ուղղված աշխատանքը:-0-