Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ Երևան կատարած այցի (հոկտեմբերի 6-7) ընթացքում 1915 թվականի Հայոց ցեղասպանության վերաբերյալ արած հայտարարությունները երկարաժամկետ ուղղվածություն ունեն, հայտարարեց ՀՀ-ում Ֆրանսիայի Արտակարգ և Լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Երևանում Ֆրանսիայի նախագահը կոչ արեց Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ նշելով, որ հակառակ դեպքում Փարիզը ստիպված կլինի գնալ որոշակի քայլերի, մասնավորապես, քրեականացնել Ցեղասպանության մերժումը:
«Անշուշտ, շատերը Թուրքիայում, Ադրբեջանում և Ֆրանսիայում բացասաբար են արձագանքել այդ հայտարարություններին, բայց դրանք երկարաժամկետ ուղղվածություն ունեն տարածաշրջանում կայունության և խաղաղության ձեռքբերման համատեքստում»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա:
Դեսպանը միաժամանակ նշեց, որ Թուրքիան Ֆրանսիայի բարեկամն ու դաշնակիցն է:
«Ցեղասպանության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները համապատասխանում են այն խորը համոզմունքին, որ, ճանաչելով Ցեղասպանությունը, բախվելով դեմ առ դեմ սեփական պատմության հետ, Թուրքիան միայն ավելի կուժեղանա»,- ընդգծեց Ռենոն:
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ։ Առաջինը 1965 թ.-ին ճանաչել է Ուրուգվայը, որի օրինակին են հետևել Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները։ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։-0-