ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը մերժել է Միավորված Ազգերի Կազմակերպության Գերագույն Ասամբլեայի նստաշրջանում Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Էլմար Մամեդյարովի հնչեցրած մեղադրանքները:
Քննարկումների ժամանակ Նազարյանը Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հասցեագրված Մամեդյարովի խոսքերը նրա երևակայության պտուղ է անվանել:
Հայ դիվանագետի խոսքով՝ Բաքվում շարունակում են կարծել, թե սառը պատերազմի ժամանակահատվածի քարոզչությունը և ՄԱԿ-ում հակահայկական հայտարարությւոնները կարող են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ տարվող բանակցություններում դիրքերի ամրապնդման արդյունավետ գործիք դառնալ:
«Բանակցություններն ուղղված են խնդրի լուծման համապարփակ, և ոչ քայլ առ քայլ լուծմանը, ինչպես պնդում է Ադրբեջանի արտգործնախարարը»,- հիշեցրել է Նազարյանը:
Հերքելով ՄԱԿ-ի բանաձևերում «Հայաստանի ագրեսիայի», «հանրապետության Զինված ուժերի դուրսբերման», ինչպես նաև «20 տոկոս տարածքների զավթման արդյունքում 1 մլն փախստականների» մասին ձևակերպումների առկայությունը` դեսպան Նազարյանն ընդգծել է, որ Մամեդյարովի ելույթում հնչած մեղադրանքները և փաստերի խեղաթյուրումն անհիմն են, ոչ արդյունավետ, խանգարում են բանակցությունների ընթացքին և միջազգային կազմակերպությունների աշխատանքին` արհեստականորեն երկարաձգելով կառուցողական այն քայլերը, որոնք անհրաժետ են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պահանջների բավարարման համար:
Նշվել է նաև, որ հենց Ադրբեջանն է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Լեռնային Ղարաբաղի դեմ` ի պատասխան ինքնորոշման իրավունքի կիրառմանը:
«Եթե Ադրբեջանը, աղավաղված փաստեր օգտագործելով, մոլորության մեջ է գցում իր ժողովրդին, դա դեռ չի նշանակում, որ նույնը կարող է անել միջազգային հանրության նկատմամբ»,- ասել է Նազարյանը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-