Առաջիկայում Վրաստանի էկոնոմիկայի նախարար Վերա Կոբալիան այցելելու է Հայաստան, չորեքշաբթի ասել է Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին հայ խորհրդարանականների հետ հանդիպման ընթացքում:
Ինչպես չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից, դեսպանի խոսքով, Վրաստանի նախարարի այցի շրջանակներում հայ և վրացի գործարարների մասնակցությամբ նախատեսվում է կազմակերպել տնտեսական համաժողով:
Դեսպանը տնտեսական հարցերով զբաղվող ԱԺ հանձնաժողովների նախագահներին խնդրեց առաջարկներ ներկայացնել այդ համաժողովում քննարկվելիք ոլորտների և հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Հայ խորհրդարանականները ողջունեցին համագործակցության այդ ձևաչափը, ինչպես նաև հույս հայտնեցին, որ նման քննարկումները տնտեսության մեջ գործնական քայլերի ու ներդրումային քաղաքականության հիմք կդառնան:
Մասնավորապես նրանք կարևորեցին համագործակցությունը տուրիզմի, գյուղատնտեսական մթերքի վերամշակման, ճանապարհաշինության, հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: -0-