Հայաստանում Վրաստանի դեսպան Թենգիզ Շարմանաշվիլին ուրբաթ հրավիրվել է ՀՀ ԱԳՆ՝ Ղարաբաղում տեղական ընտրությունների վերաբերյալ Վրաստանի ԱԳՆ հայտարարության կապակցությամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց հայկական ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Վրացական ԱԳՆ-ն ուրբաթ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Թբիլիսին աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Վրաստանի ԱԳՆ-ն հաստատել է միանշանակ աջակցությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում» և չի ճանաչել 2011թ.-ի սեպտեմբերի 18-ին Լեռնային Ղարաբաղում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները:
Միաժամանակ հայտարարության մեջ նշված է, որ նախարարությունը ողջունում է համաշխարհային հասարակության ջանքերը, որոնք ուղղված են հակամարտության խաղաղ կարգավորմանը, և կարծում է, որ «երկխոսության շարունակման համար այլընտրանք չկա»:
2011 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքներով հանրապետությունում ընտրվել են 142 համայնքի ղեկավարներ և 206 համայնքներում` 1071 ավագանու անդամներ: Ընտրությունների նախապատրաստման և անցկացման բոլոր փուլերում ընտրական հանձնաժողովների գործունեությունը, նախընտրական քարոզչության իրականացման և, հատկապես, քվեարկության կազմակերպման ու ընտրությունների արդյունքների ամփոփման աշխատանքները դիտարկում և լուսաբանում էին 7 միջազգային և 11 տեղական դիտորդներ, 31 լրագրողներ: Դիտորդների կողմից նշվել է, որ ՏԻՄ ընտրություններն անցկացվել են ԼՂՀ ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, ազատ մրցակցության և ժողովրդավարության պայմաններում:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-