ՀՀ ազգային ժողովի փոխխոսնակ Սամվել Բալասանյանը կարծում է, որ իշխանությունների հետ ընդդիմադիր Հայ Ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ընդհատված երկխոսությունը կարող է շարունակվել:
ՀՀ իշխանությունների և ընդդիմության միջև առկա իրավիճակը քննարկելու ու վիճելի հարցերը լուծելու համար բանակցությունների մի քանի ռաունդներ են անցկացվել, սակայն դրանք ընդհատվել են ՀԱԿ-ի նախաձեռնությամբ: Ընդդիմությունը հայտնել է, որ դադարեցնում է իր մասնակցությունը բանակցություններում «կոնգրեսի ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ նախնական պայմանավորվածությունների խախտման պատճառով»: Կոալիցիայի ներկայացուցիչները հայտնում են, որ ոչ մի խոստում չեն տվել և մտադիր չեն խառնվել իրավական հարցերին:
«Այդ հարցը (կապված ՀԱԿ-ի ակտիվիստների հետ) գտնվում է իրավական դաշտում և իրավապահ մարմինները պետք է նշեն մեղավորին: Համապատասխան վերլուծություն կլինի, որի արդյունքում հնարավոր կլինի շարունակել երկխոսությունը»,- ուրբաթ խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ասաց Բալասանյանը:
Տեսակետ է հայտնել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
«Ես «սնանկացած» կհամարեի մեր քաղաքական միտքը, եթե ժողովրդի ճակատագիրը կախված լիներ այդ երկխոսությունից: Եթե երկխոսություն լինի, լավ է, եթե ոչ, ժողովուրդը կշարունակի ապրել, արարել, ստեղծագործել»,- ասաց նա:
Սահակյանը նշեց, որ քաղաքական տեսանկյունից երկխոսությունը կարևոր է և քաղաքական դաշտի հիմնական գործիքն է հանդիսանում:
«Իսկ թե ով և ինչ պայմաններում կցանկանա երկխոսություն անցկացնել, կախված է իրենց ռազմավարությունից: Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել, երկխոսություն չվարել, դռները բաց են»,- ընդգծեց նա:
Լրագրողների խնդրանքով մեկնաբանելով ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, որ Կոնգրեսն իշխանություններին մինչև սեպտեմբերի 30-ը ժամկետ է տվել ՀԱԿ-ի ձերբակալված ակտիվիստի հարցը լուծելու համար, և մինչ այդ հարցի պատասխանի բացակայությունը որպես բացասական պատասխան կընկալվի, Սահակյանն ասաց, որ «դա պրիմիտիվ սցենար է»:
ՀՀ առաջին նախագահ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սեպտեմբերի 9-ին կայացած հանրահավաքի ժամանակ Երևանում իր կողմնակիցներին հայտնել է, որ իշխանությունների հետ երկխոսության կվերադառնա ՀԱԿ-ի կողմնակից Տիգրան Առաքելյանի ազատման դեպքում:
«Եթե հարցը դրա հետ է կապված (ընդդիմության կողմից սահմանված ժամկետում ՀԱԿ-ի ակտիվիստի ազատման), մենք այսօր կասենք «ոչ», քանի որ դա այլ լիազոր մարմինների հարց է, և քաղաքական լուծումներ այդտեղ չեն կարող լինել»,- ասաց Սահակյանը:
Այդ կապակցությամբ պատգամավորն ավելացրեց, որ խնդրի լուծումը գտնվում է իրավական, ոչ թե քաղաքական դաշտում:
«Օրինաց երկիր» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը կարծում է, որ ընդհատված երկխոսությունը պետք է շարունակվի:
«Ես կարծում եմ, որ մի մարդու խնդիրը պետք է երկխոսությունն ընդհատելու առիթ չդառնա, և վստահ եմ, որ այն շարունակվելու է»,- ասաց նա:
Բիշարյանը նաև նշեց, որ կոալիցիայի և ՀԱԿ-ի իր գործընկերները կկարողանան բանակցությունների սեղանի շուրջ քննարկել այն խնդիրները, որոնք մտահոգում են նրանց:
«Ժամկետների լեզվով միմյանց հետ խոսելը լավագույն տարբերակը չէ»,- ընդգծեց նա: -0-