Թուրքերը պետք է ընդունեն Հայոց ցեղասպանության եղելությունը, որպեսզի երիտասարդության ուսերին չթողնեն անհաղթահարելի գործը, կարծում է ֆրանսահայ հայտնի շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը:
«Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, երբ մենք խմում ենք, ասում ենք` առողջությանդ համար, երբ հրեաներն են խմում, ասում են` կյանքիդ համար, երբ թուրքերն են խմում, ասում են` պատվիդ համար: Կարծում եմ հարցի հիմնական մասն այստեղ է: Մեկ անգամ ընդմիշտ պետք է նրանց հասկացնել, որ պատիվը երկու կողմ է ունենում: Միայն ինքդ քեզ պաշտպանելով չի, այլ նաեւ պետք է ընդունել եղելությունը, նաև նրա համար, որ երիտասարդության ուսերին չթողնեն անհաղթահարելի գործ», - ասել է Ազնավուրը ֆրանսիացի լրագրողներին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե իսկապես թուրքերն այնքան պարկեշտություն ունենան ասելու, որ «Ցեղասպանություն» բառն է, որն իրենց խանգարում է, հայերը մի այլ բառ կգտնենք, որպեսզի սահմանները բացվեն, և «որ թուրքական կառավարությունը, չեմ ասում թուրքերը, այլ թուրքական կառավարությունը մտածի երկխոսություն սկսել մեզ հետ»:
Խոսելով ցեղասպանության զոհերի թվի մասին՝ Ազնավուրը նշել է, որ ավելի լայն է նայում այս ամենին: «Երբ սպանում են երկու երեխայի կամ մեկ և կես միլիոն հայի կամ վեց միլիոն հրեայի, նույնն է», - ասել է նա:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու երկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008 թ.-ի աշնանը սկսվել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները 2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Սակայն 2010 թ.-ի ապրիլի 22-ին Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործընթացը:
Թուրքիայի խորհրդարանի կողմից փաստաթղթերի վավերցման գործընթացը գտնվում է սառեցված վիճակում:
Վերջերս հայտնի դարձավ, որ հայտնի դարձավ, որ Թուրքիայի խորհրդարանի կանոնադրության համաձայն, արձանագրություններն ավտոմատ կերպով հանվել են օրակարգից, քանի որ չեն քննարկվել մեկ գումարման ընթացքում և կրկին չեն ներկայացվել քննարկման վարչապետի կամ խորհրդարանի պատգամավորների կողմից: Դեռևս պարզ չէ՝ մտադիր է, արդյոք, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանը կրկին ներկայացնել արձանագրությունները օրենսդիր մարմնին:-0-