ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի իշխանությունների և ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի երկխոսության արդյունքում կողմերը կկարողանան գտնել Հայաստանի առջև ծառացած խնդիրների լուծումը, կարծում է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ով ներկայացնում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀԱԿ-ի հետ բանակցությունների աշխատանքային խմբում։
«ՀԱԿ-կոալիցիա հանդիպումներն անցկացվում են բավականին կառուցողական մթնոլորտում, և այդ հանդիպումների գործընթացն ինձ հույս է ներշնչում, որ կողմերն արդյունքում կգտնեն Հայաստանի առջև կանգնած խնդիրների փոխհամաձայնեցված լուծումներ»,- ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մինասյանը։
Նախօրեին կոալիցիայի և ՀԱԿ-ի ներկայացուցիչների աշխատանքային խմբերի երրորդ հանդիպման արդյունքում որոշում ընդունվեց շաբաթական երկու անգամ կանոնավոր հանդիպումներ անցկացնելու մասին։ Երկխոսության օրակարգում է երկու հարց՝ նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացում, ինչպես նաև մրցակցության քաղաքակիրթ կանոնների ապահովում ընտրություններում։
Պատգամավորը նշեց, որ կոալիցիա-ՀԱԿ երկխոսության հիմնական նպատակն իրողությունների վերհանումն ու դրանց ախտորոշում տալն է։ «Չի կարելի վիրահատել առանց համապատասխան ախտորոշման։ Մենք (կոալիցիան) ակնկալում ենք, որ Հայաստանում իրավիճակը մեր ընդդիմադիր գործընկերների հավաստումներին ի հակառակ կրիտիկական չէ, և արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա»,- ասաց նա։
ՀԱԿ-ը կարծում է, որ երկրում քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակ է ստեղծվել, և որպես լուծում առաջարկում է հոկտեմբերի կեսերին նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել, իսկ դրանցից անմիջապես հետո՝ արտահերթ խորհրդարանական։
Նրա խոսքով, ընտրությունները երկրում որևէ բան փոխելու միջոց են, ոչ թե վերջնանպատակ։ «Հույս ունեմ, որ ՀԱԿ-ի մեր գործընկերները հասկանում են տարբերությունը միջոցի և վերջնանպատակի միջև, և ընտրությունների անցկացումը նրանց համար նպատակ չէ»,- ավելացրեց նա։
Մինասյանը նշեց, որ կոալիցիան մանրամասն ուսումնասիրել է երկրում տիրող իրավիճակը, և այն արդեն բազմաթիվ լուծումներ ունի այդ իրավիճակի համար։ «Մենք կփորձենք ապացուցել մեր գործընկերներին, որ արտահերթ ընտրությունները խնդրի լուծում չէ»,- ասաց նա։
Պատգամավորը միաժամանակ վստահ չէ, թե կհաջողվի համոզել ՀԱԿ-ին, որ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտություն չկա, «սակայն ես վստահ եմ, որ մեր հանդիպումների անկողմնակալ հանդիսատեսը՝ հասարակությունը, վերջում կհանգի ճիշտ եզրակացությունների»,- ասաց նա։
Մեկնաբանելով ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից վերջին հանրահավաքում արած հայտարարությունը ՀԱԿ-ի պահանջների կատարման վերջնաժամկետի մասին (սեպտեմբերին՝ «Նովոստի-Արմենիա»)՝ Մինասյանն ընդգծեց, որ երկխոսության գործընթացն էություն և ձև ունի, և չի կարելի թույլ տալ, որպեսզի ձևը խեղդի էությունը։
«Եթե մեր գործընկերները ցանկանում են թողնել երկխոսությունը միայն այն պատճառով, որ սեպտեմբերին արդյունքներ չեն լինի, ապա նշանակում է, որ նրանք այլ շահերով են առաջնորդվում։ Բայց այնուամենայնիվ, ես հեռու են այն մտքից, թե ՀԱԿ-ի մեր գործընկերներն այլ առաջնահերթություններ ունեն»,- ասաց նա։
Հաջորդ հանդիպմանը ՀԱԿ-ն նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման, ինչպես նաև ընտրությունների օրինականության ապահովման վերաբերյալ առաջարկությունների և հիմնավորումների լուջ փաթեթ կներկայացնի։
Իշխանությունները մինչև վերջերս հերքում էին ՀԱԿ-ի կողմից առաջարկվող բանակցությունների ձևաչափը և արտահերթ ընտրությունների անցկացման հնարավորությունը:
Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն 2012թ.-ի մայիսին, իսկ նախագահականը՝ 2013թ.-ի փետրվարին:
ՀԱԿ-ը ստեղծվել է 2008 թ.-ի օգոստոսի 1-ին: ՀԱԿ-ի կազմում ներառված է շուրջ 20 քաղաքական կուսակցություն և կազմակերպություն: ՀԱԿ-ի առաջնորդն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:-0-