Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հինգշաբթի շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ 50-ամյակի կապակցությամբ, հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը։
«Մեծարգո պարոն Նախագահ, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ և մաղթում Ձեզ և Ձեր ընտանիքին երջանկություն, բարօրություն և ամենայն հաջողություններ»,- ասվում է նախագահի ուղերձում, որը ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը «Նովոստի-Արմենիա» գործակալությանն է փոխանցել հինգշաբթի:
Բարձր գնահատելով ամերիկացի նախագահի ջանքերը երկու երկրների միջև փոխշահավետ գործընկերության և բազմաբնույթ համագործակցության զարգացման ուղղությամբ` Սարգսյանը վստահությամբ նշել է, որ Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերություններն այսօր առավել քան երբևէ ամուր են:
Ինչպես ընդգծել է Սարգսյանը, երկու ժողովուրդների միջև ավանդական ջերմ հարաբերությունները և պետությունների միջև հատկապես վերջին շրջանում ընթացող բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ունեն հետագա զարգացման և ամրապնդման զգալի ներուժ: «Մենք վճռական ենք խորացնելու և ավելի ամրապնդելու մեր երկրների միջև համակողմանի կապերը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,- ասել է նա։
Կրկին շնորհավորելով Օբամային ծննդյան օրվա կապակցությամբ` Սարգսյանը նրան մաղթել է անսպառ ուժ և կորով, համոզմունք հայտնելով, որ Ամերիկայի բարեկամ ժողովրդին ծառայելու դժվարին աշխատանքում կարձանագրվեն նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: -0-