ԵԱՀԿ-ն պետք է շարունակի անմիջական դեր խաղալ Վրաստանում, Մոլդովայում և ԼՂՀ-ում հակամարտությունների կարգավորման հարցում, հինգշաբթի Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք նաև կցանկանայինք, որպեսզի ԵԱՀԿ-ն ավելի շատ ուշադրություն դարձներ Կենտրոնական Ասիային, այդ թվում նաև՝ տարածաշրջանում ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներին: ԵԱՀԿ-ն կարող է և պետք է օգնի Ղրղզստանի՝ դեռևս երիտասարդ խորհրդարանական ժողովրդավարությանն ու ավելի շատ օգնի Աֆղանստանում, հատկապես սահմանային շրջաններում կայունության և անվտանգության ապահովման հարցում», - նշել է Գորդոնը:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-