Իսրայելի արտաքին գործերի փոխնախարար Դանի Այալոնը իր հայ գործընկեր Արման Կիրակոսյանի հետ հեռախոսազրույցում չի համաձայնել Քնեսեթի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհնարինության մասին իրեն վերագրվող խոսքերի հետ։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էին ադրբեջանական ԶԼՄ-ները, Այալոնը հայտարարել էր, որ «չկա գոնե մեկ հնարավորություն, որ Քնեսեթը ճանաչի հայոց ցեղասպանությունը»։ «Դա անհնար է։ Մենք չենք կարող մեզ հարյուրամյա վաղեմության իրադարձություններին վերաբերող պատմության վիճելի հարցերի պատճառով փչացնել հարաբերությունները մահմեդական աշխարհի մեր գլխավոր ռազմավարական գործընկերոջ՝ Ադրբեջանի հետ»,- մեջբերում էր Իսրայելի ԱԳՆ փոխնախարարի խոսքն ադրբեջանական մամուլը։
Միաժամանակ, Իսրայելի ԱԳՆ փոխնախարարի գրասենյակի հաղորդմամբ, երկուշաբթի Այալոնի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանի հետ, որի ընթացքում իսրայելական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը նշել է այն յուրահատուկ զգացումները, որ տածում են հրեաները հայկական ողբերգության նկատմամբ։
Այալոնը շնորհակալություն է հայտնել Կիրակոսյանին բարեկամական հարաբերությունների համար՝ նշելով երկու երկրների միջև առկա պատմական կապերը և մշակութային ընդհանրությունները։ Նա կարևորել է նաև Իսրայելում Հայաստանի հետ հարաբերությունների և գործնական համագործակցության մշտական զարգացումը։
Այալոնն ասել է, որ հաճույքով կայցելի Երևան և իր հայ գործընկերոջը հրավիրել է Իսրայել։
Իսրայելական ԱԳՆ ղեկավարի տեղակալը նշել է նաև, որ իր երկիրը սատարում է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։ -0-