ՀՀ իշխանության և ընդդիմության երկխոսությունը իշխանության համար մղվող պայքար է, չորեքշաբթի լրագրողներին ասաց ընդդիմադիր ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։
Կոալիցիոն կուսակցությունների և Հայ Ազգային կոնգրեսի ներկայացուցիչների առաջին դռնփակ հանդիպումն անցել է հուլիսի 18-ին։
«Մենք առավել քան վստահ ենք, որ այդ երկխոսության նպատակն իշխանության հասնելն ու պահպանելն է, իսկ դա այսօրվա դրությամբ ոչ մի կապ չունի բնակչության ճնշող մեծամասնության շահերի հետ, որն անդրադառնում է միայն մարդկանց առանձին ոչ մեծ տեսակին, ովքեր կամ իշխանության են ձգտում, կամ փորձում են այն պահպանել։ Դա մեր երկրի ապագայի համար ոչ մի լավ բան չի խոստանում»,- ասաց Մինասյանը։
Ըստ նրա, եթե երկխոսությունը տարվում է ներքաղաքական հանդուրժողականության, համազգային ներուժի համախմբման, ատելության վերացման, երկրի առջև առկա խնդիրների և մարտահրավերների համատեղ լուծման մասին, ապա հարց է առաջանում, թե ինչու՞ է երկխոսությունը տարվում կոալիցիայի և Հայ Ազգային կոնգրեսի միջև՝ այլ քաղաքական ուժերի հեռացման ճանապարհով։
Ինչպես կարծում է պատգամավորը, երկխոսությունից այլ քաղաքական ուժերի հեռացումը ձեռնտու է երկու կողմերին, քանի որ դրանցից մեկը նպատակ ունի պահպանել իշխանությունը, իսկ մյուսը՝ որոշակի դիրքեր ստանալ իշխանությունների մոտ։
«Հակառակ դեպքում նրանք իրենց չէին հեռացնի ողջ քաղաքական դաշտից»,- ասաց Մինասյանը։
Իշխող ՀՀԿ-ից պատգամավոր Գագիկ Մինասյանն իր հերթին նշեց, որ նման կուլտուրա գոյություն ունի արևմտյան երկրներում, սակայն բնորոշ չէ հետխորհրդային երկրներին։
«Մենք հուսով ենք, որ բարի կամք դրսևորելիս մենք կկարողանանք քայլեր իրականացնել այդ նոր ինստիտուտի ներդրման համար, որը միշտ պետական շահերն անձնականից բարձր դասող քաղաքական ուժերի զինանոցում կլինի»,- ասաց Մինասյանը։
Միաժամանակ պատգամավորը կարծում է, որ այն դեպքում, եթե երկխոսությունը հաջողվի, ապա այն տարբեր կուսակցությունների ներուժի օգտագործման համար երկրի նոր կուլտուրայի օրինակ կդառնա, իսկ քաղաքական ուժերի հակառակ դիրքորոշումները ոչ թե դիմադրության, այլ պետության օգտին ծրագրեր իրականացնելու համար ջանքերի համադրման կհանգեցնեն։ -0-