Մեծ Բրիտանիայի Եվրոպական հարցերով պետնախարար Դևիդ Լիդինգտոնն անընդունելի է համարել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումն ու շեշտել է վստահության ամրապնդման միջոցների ուղղությամբ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունն, այս մասին Լիդինգտոնը հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և բրիտական գործընկեր Ուիլհամ Հեյգի հետ նախօրեին Լոնդոնում կայացած հանդիպման ժամանակ:
Մամուլի հաղորդագրության համաձայն՝ Լիդինգտոնը Միացյալ Թագավորության աջակցությունն է հայտնել Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին:
Տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման խնդիրների քննարկման ընթացքում Նալբանդյանը ներկայացրել է ՀՀ դիրքորոշումները արցախյան հիմնահարցի կարգավորման վերաբերյալ և հույս է հայտնել, որ Ադրբեջանի կողմից համապատասխան քաղաքական կամքի, իրատեսության և կառուցողականության դրսեւորման պարագայում հնարավոր կլինի հասնել հիմնահարցի հանգուցալուծմանը:
Նախարարներն անդրադարձել են նաև Հայաստան-Եվրոպական Միություն համագործակցությանը: Այս առումով Միացյալ Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ուիլյամ Հեյգը ողջունել է Հայաստան-Եվրոպական միություն խորացող համագործակցությունը և մերձեցումը:
Հայաստանի և Միացյալ Թագավորության ԱԳՆ-երի ղեկավարները խոսել են նաև տարածաշրջանային հարցերից, Մերձավոր, Միջին Արևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում տեղի ունեցող զարգացումներից: -0-