Ադրբեջանական կողմն անտեսում է միջազգային հանրության կոչերը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմն անտեսում է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային հանրության կոչերը, ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Կարեն Նազարյանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին ուղղված նամակում:
Փաստաթուղթը տարածվել է Ադրբեջանի մշտական ներկայացուցչի հերթական նամակին ի պատասխան, որում հայկական կողմը մեղադրվում է շփման գծի մերձակայքում ադրբեջանցի երեխայի մահվան մեջ: Հայկական կողմը կտրականապես հերքում այդ մեղադրանքները: Ղարաբաղի ԱԳՆ և ՊՆ համատեղ հայտարարությունում նշվում է, որ Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը կանգ չի առնում ոչ մի մեթոդի առջև՝ շահարկելով նույնիսկ երեխաների կյանքն ու մահը:
«Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով անտեսվում են ՄԱԿ-ի գֆլխավոր քարտուղարի, ԵԱՀԿ նախագահի, Մինսկի խմբի համանախագահ երկրների, ԵՄ ղեկավարների հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադրի ռեժիմի ամրապնդման և շփման գծից դիպուկահարների դուրսբերման մասին»,- ասվում է փաստաթղթում:
Գլխավոր քարտուղարը հատուկ նշել է Ադրբեջանում անցկացվող հակահայկական մշտական քարոզչությունը և ավելացրել, որ Բաքուն շարունակում է չարաշահել իր` ՄԱԿ անդամ-պետություն լինելու հանգամանքը` օգտագործելով ցանկացած հնարավորություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ապատեղեկատվական քարոզչություն տարածելու համար:
Նազարյանը հույս է հայտնել, որ Ադրբեջանն անհիմն և սադրիչ նամակներ տարածելու փոխարեն իր ուշադրությունը կկենտրոնացնի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացի վրա:
Դեսպան Նազարյանը ամփոփելով իր նամակը` նշել է, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, ինչն էլ բազմիցս ապացուցել է գործնական քայլերով:
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց հետևանքով երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

