ՀՀ և Ադրբեջանի առաջնորդները պետք է քաղաքական կամք դրսևորեն հակամարտությունը լուծելու համար
Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պետք է առավելագույն քաղաքական կամք դրսևորեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, հինգշաբթի լրագրողներին ասաց Հայաստանում Լեհաստանի Արտակարգ և Լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին։
«Երկար տարիների բանակցությունների ընթացքում եղել են պահեր, երբ կողմերը մոտ են եղել կարգավորմանը, և պետք է եղել զիջումների գնալ և լուծել հարցը։ Սակայն այս կամ այն պատճառներով, ավելի հաճախ, ներքաղաքական, այս կամ այն կողմը չի դրսևորում այդ կամքը»,- ասաց դեսպանը։
Ըստ նրա, չլուծված հակամարտությունը արգելակում է Հայաստանի տնտեսական զարգացումը, և այդ տեսանկյունից կարգավորումն ամենից անհրաժեշտ է հենց Հայաստանին։
«Հայաստանի տնտեսական խնդիրների մեծ մասը կապված է հենց երկրի մեկուսացվածության հետ։ Սա ծանր բեռ է տնտեսության համար»,- ընդգծեց Ռաչինսկին։
Դեսպանն ավելացրեց, որ ԵՄ-ն դիտարկում է Հարավային Կովկասը որպես մեկ ամբողջություն, և առանց տարածաշրջանի համագործակցության եվրաինտեգրումն անհնար է։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-

