ՀՀ նախագահը կարևորում է ՌԴ հայերի ներուժի օգտագործումը տարածաշրջանային կապերի ամրապնդման համար

18.04.2011, 19:00
ՀՀ նախագահը կարևորում է ՌԴ հայերի ներուժի օգտագործումը տարածաշրջանային կապերի ամրապնդման համար
ՀՀ նախագահը կարևորում է ՌԴ հայերի ներուժի օգտագործումը տարածաշրջանային կապերի ամրապնդման համար

Ռուսաստանի հայկական համայնքի ներուժի լիարժեք օգտագործումը կարևոր է Հայաստանի և ՌԴ տարածաշրջանների միջև կապերի ամրապնդման և համագործակցության ընդլայնման համար, հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ տարածքային զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի հետ հանդիպման ընթացքում։

Ինչպես հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը, ողջունելով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում գտնվող ՌԴ տարածքային զարգացման նախարարին, Սարգսյանը նշել է, որ իր գործընկերոջ`ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ միասին մեծ նշանակություն են տալիս միջտարածաշրջանային համագործակցությանը: 

Կարևորելով  համաժողովի  անցկացումը` նախագահը հույս է հայտնել, որ նախարար Վիկտոր Բասարգինի այցը և համաժողովի անցկացումը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում լուրջ խթան կհանդիսանան:

Բասարգինն իր հերթին նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի տարածաշրջանների միջև համագործակցության զարգացման գործում մեծ ներդրում ունի Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Դուք վերջին շրջանում Ռուսաստանի մի շարք տարածաշրջաններ եք այցելել` մեր հեռանկարային մարզերը, որտեղ մենք տեսնում ենք տնտեսական և հումանիտար ոլորտների զարգացման մեծ ներուժ: Այսօր ՌԴ ավելի քան 70 սուբյեկտ անմիջականորեն կամ միջնորդավորված համագործակցում է Հայաստանի Հանրապետության հետ»,- ասել է նա։

ՌԴ նախագահի աշխատակազմի և ՀՀ նախագահի աշխատակազմի աջակցությամբ Ռոսսոտրուդնիչեստվոյի և «Եվրասիական հետազոտությունների ինստիտուտ» զարգացման հիմնադրամի կողմից կազմակերպված ֆորումը տեղի կունենա ապրիլի 18-20-ը Մարզահամերգային համալիրում։
Ֆորումին թեմատիկ կլոր սեղաններ կանցկացվեն։

Ծրագրվում է միջկառավարական և միջտարածաշրջանային համաձայնագրերի, ներմուծման, արտահանման պայմանագրերի, նոր ձեռնարկությունների բացման մասին տարածաշրջանային տնտեսվարող  սուբյեկտների միջև պայմանագրերի ստորագրում։ Դրանցից կարևորագույնը ՀԿԵ-ի և ՀՀ կառավարության միջև Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղագծի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը սկսելու մասին հուշագիրն է։

Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն Տնտեսական համագործակցության  ռուս-հայկական հանձնաժողովի համանախագահներ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետեր, ձեռներեցներ, այդ թվում՝ Ռուսաստանի հայկական սփյուռքի գործարար  շրջանակներից, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԶԼՄ-ների աշխատակիցներ։ Ֆորումին կմասնակցի ավելի քան 500 մարդ։
Ապրիլի 18-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ֆորումի շրջանակներում բացվել է արդյունաբերական նորարարությունների ռուս-հայկական միջտարածաշրջանային ցուցահանդեսը:

Նշանակալից միջոցառումների թվում են «Զվարթնոց» օդանավակայանին «Արմավիա» հայկական ավիաընկերության կողմից «Սուխոյ Սուպերջետ-100» առաջին ինքնաթիռի փոխանցումը, Երևանում Հարավկովկասյան երկաթուղու «Ենթակառուցվածքների ախտորոշման կենտրոնի» բացումը, որը վերականգնվել է Հայաստանում ՌԴ դեսպանատան նախաձեռնությամբ։ -0-