ԵԽԽՎ նախագահը դիտավորությամբ խոչընդոտում է հայկական պատվիրակության աշխատանքին. պատգամավոր
ԵԽԽՎ նախագահ Մևլյութ Չավուշօղլուն դիտավորությամբ խոչընդոտում է հայկական պատվիրակության աշխատանքին, երկուշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր, Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Չավուշօղլուն օգտագործում է իր պաշտոնեական լիազորությունները, որպեսզի սահմանափակի հայկական պատվիրակության աշխատանքը: ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ, որն անցկացվել է նախորդ շաբաթ, մեր պատվիրակության անդամները գրանցվել են՝ այստեղ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցեր տալու նպատակով, սակայն տարօրինակ կերպով կարգը խախտվեց, և մենք չկարողացանք դա իրականացնել»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ երբ փորձել են պարզել, թե ինչն է խնդիրը, նրանց պատասխանել են, թե նախագահն իրավունք ունի կարգը փոխելու:
«Ակնհայտ է, որ այսպիսի մանր ինտրիգների ու խարդախությունների միջոցով ԵԽԽՎ նախագահը փորձում է խանգարել մեր աշխատանքը: Մեր պատվիրակությունը բացատրությունների պահանջով նամակ է հղել: Ես անձամբ մտադիր եմ առանձին նամակ ուղարկել»,- ընդգծեց Փոստանջյանը: -0-

