Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը պատրաստ է աջակցել Հայաստանի հետ կապերի ակտիվացման գործընթացին
Սինգապուրի ԱԳՆ ղեկավար Ջորջ Յեոն՝ այդ երկրում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Երևանի հետ կապերի ակտիվացման գործընթացին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հանդիպման ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարբեր մակարդակներում պաշտոնական փոխայցելություններին, գործարար շրջանակների միջև համագործակցության հաստատմանն ու հետագա զարգացմանը նվիրված հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հավանություն տալով հայկական կողմի առաջարկներին` նախարար Ջորջ Յեոն իր պատրաստակամությունն է հայտնել հնարավորինս աջակցելու հայ-սինգապուրյան կապերի ակտիվացման գործընթացին: Միաժամանակ նա բարձր է գնահատել հայ համայնքի դերը Սինգապուրի տնտեսական, հասարակական և մշակութային կյանքում:
Սինգապուրի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման 175-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով մարտի 24-29-ը այդ երկրում էր գտնվում Սինգապուրում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանը (նստավայրը` Պեկին):
Դեսպանի հրավերով եկեղեցու Սուրբ Պատարագին նաև մասնակցել է Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը, ով այնուհետև ողջունի խոսքով է հանդես եկել:
Եկեղեցու օծման 175 ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սբ. Էջմիածնի հատուկ ներկայացուցիչ Ոսկան արքեպիսկոպոս Կալպակյանը, Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Աղան արքեպիսկոպոս Պալիոզյանը: Ներկա էին աշխարհի 14 երկրներից ժամանած ավելի քան 160 հայեր, ինչպես նաեւ Սինգապուրում գործող այլ եկեղեցիների հոգեւորականներ, երկրի հասարակայնության ներկայացուցիչներ: -0-

