Հայ մտավորականները հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին կոչ են անում քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձևերով

30.03.2011, 16:55
Հայ մտավորականները հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին կոչ են անում քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձևերով
Հայ մտավորականները հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին կոչ են անում քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձևերով

Հայ մտավորականության ավելի քան 30 ներկայացուցիչներ մարտի 15-ին «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հացադուլ հայտարարած առաջնորդին ուղերձ են հղել՝ կոչ անելով քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձևերով:

Հայտնի գիտնականները, գիտության և արվեստի գործիչները, ովքեր ստորագրել են ուղերձում, հայտնել են, որ բարձր են գնահատում Ազատության հրապարակում 15-օրյա հացադուլ-քաղաքացիական բողոքը ու կարևորում են դրա հասարակական արձագանքը:

«Ձեր քայլով քաղաքականությունը դրվեց բարոյական հիմքի վրա` նոր դիմագիծ հաղորդելով ընդդիմությանըե,- ասվում է նրանց ուղերձում:

Փաստաթղթում նշվում է, որ երկրում առկա բարդ խնդիրների լուծումը  պահանջում է բոլորիս միասնական ներուժի համատեղումն ու ուղղորդումը անհետաձգելի համակարգային փոփոխությունների համար: 

Մտավորականության ներկայացուցիչները նշել են, որ հանուն նպատակների իրագործման և հենվելով քաղաքացիական լայն հասարակության ու մտավորականության զորակցության վրա` Րաֆֆի Հովհաննիսյանից ակնկալում են քաղաքացիական պայքարը շարունակել նոր ձևերով և առաջնորդել ապագայի փոփոխություններին հասնելու գործընթացները` խորհրդարանի ամբիոնից մինչև հրապարակ, հրապարակախոսությունից մինչև հանրահավաք: -0-