«Երկիր» միությունը ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության պատրաստակամությունը

28.03.2011, 16:06
«Երկիր» միությունը ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության պատրաստակամությունը


ԵՐԵՎԱՆ, 28 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Երկիր» միությունը ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության՝ ջավախահայության խնդիրների լուծմանն աջակցելու պատրաստակամությունը, ասվում է միության կողմից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տրամադրված հայտարարության մեջ։

2011թ. մարտի 25-ին Ջավախահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի մոսկովյան ներկայացուցչությունում կայացած հանդիպման ընթացքում «Ազատ Վրաստան» վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Կախա Կուկավան հայտարարել է, որ իր կուսակցությունը պատրաստ է աջակցել ջավախահայության կենսական խնդիրների լուծմանը:

Նա նաև խոստացել է, որ Վրաստանում քաղբանտարկյալների խնդրով ստեղծված հանձնաժողովի առաջիկա ապրիլի հանդիպմանը իր կուսակցությունը կբարձրացնի ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին  «խղճի բանտարկյալ» ճանաչելու հարցը:

««Երկիր» միությունը  ողջունում է «Ազատ Վրաստան» կուսակցության այս նախաձեռնությունը` դիտարկելով այն որպես առաջին քայլ, որն ուղղված է ներվրացական քաղաքական դաշտի կողմից ջավախահայության քաղաքացիական, կրոնական, լեզվակրթական և մշակութային իրավունքների ճանաչմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

«Մենք կոչ ենք անում Վրաստանի բոլոր քաղաքական ուժերին` ինչպես իշխանամետ, այնպես էլ` ընդդիմադիր, հետևել այս օրինակին` գիտակցել իրենց երկրի հայ համայնքի խնդիրները ճանաչելու հրամայականը և միջոցներ ձեռնարկել հանդուրժողականության, երկխոսության ու փոխըմբռնման մթնոլորտում դրանց լուծում տալու ուղղությամբ»,- ընդգծվում է փաստաթղթում։ -0-