Կին-պատգամավորներն արմատական քայլ են համարում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը

28.03.2011, 15:25
Կին-պատգամավորներն արմատական քայլ են համարում Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը և իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցության անդամ Կարինե Աճեմյանը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլն արմատական քայլ են համարում։

«Հացադուլը դա ծայրահեղ միջոց է, որին կարելի է դիմել միայն ծայրահեղ դեպքերում»,- երկուշաբթի լրագրողներին ասաց Աճեմյանը։

Ըստ նրա, ՀՀ խորհրդարանում «Ժառանգություն» կուսակցությանը ամբիոն և բոլոր հարցերի շուրջ իր կարծիքը հայտնելու հնարավորություն է տրվել, և ավելի ճիշտ կլիներ օգտվել դրանից։ 

Աճեմյանը կոչ է արել իր գործընկերոջը համոզել Հովհաննիսյանին դադարեցնել հացադուլը և վերադառնալ ՀՀ խորհրդարանի նիստերի դահլիճ։ Պատգամավորը կարծում է, որ Հովհաննիսյանի պահանջներում արտակարգ ոչինչ չկա, և դրա համար հացադուլ հայտարարելու կարիք չկար։

«Վերջին տարիներին մեր երկիրը մեծ միջազգային հեղինակություն է ձեռք բերել, և պետք չէ հերքել բոլոր նվաճումները...Մենք մեծ բարեփոխումներ ենք անցկացնում, արդեն շատ ոլորտներում առաջխաղացումներ են նկատվում։ Բայց պետք չէ միանգամից շատ բանի սպասել, քանի որ խնդիրները տարիների ընթացքում են կուտակվել»,- ասաց Աճեմյանը։

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն իր հերթին ասաց, որ Հովհաննիսյանի հացադուլը PR-ակցիա չէ։

«Եթե դուք հետևում եք «Ժառանգություն» կուսակցության գործունեությանը, ապա համաձայնեք, որ այդ քայլն ամենաարմատականն է դարձել, որին դիմել է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իրեն և իր առողջությունը զոհաբերելով, որպեսզի իշխանություններին ցույց տա, որ նրանք կորցնում են իրենց ժողովրդին»,- ասաց Բախշյանը։
Միաժամանակ պատգամավորը նշեց, որ Հովհաննիսյանը կուսակցության գործընկերների հետ հացադուլ հայտարարելու հարցը չի քննարկել։ -0-