Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ի առջև հարց բարձրացնի Ադրբեջանում սպառազինությունների մրցավազքի սահմանափակման վերաբերյալ. քաղաքագետ

11.02.2011, 17:19
Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ի առջև հարց բարձրացնի Ադրբեջանում սպառազինությունների մրցավազքի սահմանափակման վերաբերյալ. քաղաքագետ

Հայաստանը պետք է ՆԱՏՕ-ի որոշ անդամ-երկրների առջև հարց բարձրացնի Ադրբեջանում սպառազինությունների մրցավազքի սահմանափակման վերաբերյալ, ասաց քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը:
Ադրբեջանը շարունակում է ռազմական հզորություն ավելացնել, սպառազինման նորագույն նմուշներ ձեռք բերել և գրեթե երկու անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ միաժամանակ պարբերաբար հանդես գալով ռազմատենչ հայտարարություններով:

«ՆԱՏՕ-ի որոշ անդամ-երկրների, մասնավորապես, Ադրբեջանին զենք մատակարարող Թուրքիայի, Ուկրաինայի և որոշ չափով Իսրայելի առջև պետք է հարց դնել զենքի, մասնավորապես, հարձակողական զենքի մատակարարման վրա էմբարգո սահմանելու մասին»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Մարկարովը:

Քաղաքագետը նշեց, որ սպառազինությունների մրցավազքի խնդիրը կարող է նաև քննարկվել ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ուկրաինա կատարելիք այցի շրջանակներում: 
Այս կապակցությամբ նա հավանություն տվեց փետրվարի 8-ին Ճգնաժամերի կանխարգելման միջազգային խմբի (International Crisis Group - ICG) կողմից հրապարակած «Հայաստան և Ադրբեջան. Կասեցնելով պատերազմը» զեկույցի այն կետը, որում ընդգծվում է հակամարտության վերսկսման վտանգն Ադրբեջանի կողմից սպառազինությունների անվերջանալի մրցավազքի լույսի ներքո:

ICG-ի «Հայաստան և Ադրբեջան. Կասեցնելով պատերազմը» հերթական հաշվետվության մեջ նշվում է, որ «առաջնային գծում բախումների սրումը, սպառազինությունների աճող մրցավազքը, սարկազմով լի ելույթները և գործնականորեն դադարեցված խաղաղ գործընթացն ավելացնում են Լեռնային Ղարաբաղի համար Հայաստանի և Ադրբեջանի՝ կրկին ռազմական գործողություններ վերսկսելու հնարավորությունները, ինչը տարածաշրջանի համար կործանիչ հետևանքներ կունենա»: -0-