Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը հույս ունի, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան հասնել անհրաժեշտ որոշումների և լիովին վերականգնել հարաբերությունները։
«Բնականաբար, այդ գործընթացները բարդ են, դրանք ամենատարբեր արձագանքներն են գտնում և պետություններում, և Թուրքիայում, և Հայաստանում, որովհետև, անհասկանալի պատճառներով այդ խնդիրը երկար ժամանակ չէր լուծվում, բայց ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ կողմերը, վերջիվերջո, կարող են հասնել բոլոր անհրաժեշտ որոշումների, և կվերականգնեն հարաբերությունները ողջ ծավալով»,- ասել է ՌԴ նախագահն իր թուրք գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Մեդվեդևն ավելացրեց, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն «անկասկած, կնպաստի մեր տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը»։
Ընդհանուր առմամբ խոսելով Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ ռուս նախագահը կարևորեց Մինսկի խմբի դերը։
«Վերջին ժամանակներում հակամարտության կողմերը բավական լուրջ քայլ են կատարել։ Ներկայում գլխավորը կանգ չառնելն է»,- ընդգծել է Մեդվեդևը։
Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-