Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հինգշաբթի լրագրողներին հաղորդեց, որ իր երկրի և Հայաստանի հարաբերությունների լիովին կարգավորման հույս ունի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ. հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:
«Մենք հավատում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հեռանկարին: Այդ գործընթացում առաջացող դժվարությունները անհարժեշտ է հաղթահարել»,- ասաց Դավութօղլուն:
Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
Թուրքական դիվանագիտության ղեկավարն ասաց, որ Անկարան Հայաստանի հետ երկխոսությունը սկսել էր երկկողմ հարաբերությունների կարգավորման հեռանկարի և Հարավային Կովկասում խաղաղություն ապահովման տեսլականով:
«Մեր տեսլականն անցյալ տարվա հոկտեմբերից, երբ ստորագրվեցին արձանագրությունները, չի փոխվել»,- նշեց Դավութօղլուն:
Չորեքշաբթի Երևանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և թուրքական կառավարության հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Ֆերիդունա Սինիրլիօղլուի բանակցությունները նա միանգամայն դրական բնութագրեց:
Ըստ ձեռք բերված համաձայնությունների՝ Էրդողանն ու Սարգսյանը կհանդիպեն ապրիլի 12-13-ին Վաշինգտոնում կայանալիք միջուկային չտարածման հարցերով գագաթնաժողովի շրջանակներում, ասաց Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:
Դավութօղլուն նաև հաղորդեց, որ Էրդողանի հատուկ բանագնացը ուրբաթ կմեկնի Բաքու՝ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպման նպատակով, որի ուշադրության կենտրոնում կլինի Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորման գործընթացը: -0-