Էրդողանը «լրջորեն մտահոգված» է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմամբ

05.03.2010, 12:48
Էրդողանը «լրջորեն մտահոգված» է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունմամբ

Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը իր «լուրջ մտահոգությունն» է արտահայտել այն կապակցությամբ, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովի կողմից պարտադիր ուժ չունեցող 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը կարող է վնասել ամերիկաթուրքական հարաբերություններին և գրեթե մեկ դար տևած թշնամանքին վերջ դնելու Թուրքիայի և Հայաստանի փորձերին, ուրբաթ հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռոյթեր գործակալությանը:

Հինգշաբթի ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվեց Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը:

Ամերիկացի կոնգրեսականների ընդունած որոշման կապակցությամբ Վաշինգտոնում թուրք դեսպանը ետ է կանչվել Անկարա` խորհրդակցությունների համար, նշում է գործակալությունը:

Սակայն այս քվեարկությունը չի նշանակում, որ բանաձևը վերջնականապես ընդունվել է, այժմ փաստաթուղթը հաստատված տեսքով կներկայացվի Ներկայացուցիչների պալատի ամբողջական կազմով քննարկմանը: Ըստ ԶԼՄ-ների և առանձին կոնգրեսականների արտահայտությունների՝ Պալատի կողմից բանաձևի քննարկումը հազիվ թե արագ և դյուրին լինի: Բանաձևի ընդհանուր քվեարկության ամսաթիվը դեռ նշանակված չէ:

Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ: Առաջինը դա 1965 թ.-ին արել է Ուրուգվայը, որի օրինակին հետևել են Ռուսաստանի Դաշնությունը, Իտալիան, Գերմանիան, Հոլանդիան, Բելգիան, Լեհաստանը, Լիտվան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանը, Կիպրոսը, Լիբանանը, Կանադան, Վենեսուելան, Արգենտինան, ԱՄՆ-ի 42 նահանգները: Հայոց ցեղասպանությունը ճանաչել է նաև Վատիկանը, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:

ՆԱՏՕ-ում ԱՄՆ դաշնակից Թուրքիան հայտարարել է, որ նման բանաձևի ընդունման դեպքում ինքը ետ կկանչի ԱՄՆ-ում իր դեսպանին, իսկ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը չորեքշաբթի զանգահարել է Բարաք Օբամային և կոչ է արել նրան օգտագործել իր հեղինակությունը՝ Կոնգրեսում բանաձևի ընդունումը խոչընդոտելու համար:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը Թուրքիայի հետ հակամարտությունից խուսափելու նպատակով խնդրել է կոնգրեսականներին չընդունել այդ բանաձևը: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հասկացրել է, որ այդ բանաձևի ընդունումը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունների կարգավորման գործընթացին:

Սա Հայոց ցեղասպանության հարցի շուրջ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած առաջին քվեարկությունը չէ: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձևը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ էր ներկայացվել 2007թ. հունվարի 30-ին՝  Կալիֆոռնիան ներկայացնող դեմոկրատ-կոնգրեսական Ադամ Շիֆի կողմից: 2007 թ. հոկտեմբերի 10-ին ԱՄՆ  Կոնգրեսի  Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովը 27 կողմ և 21 դեմ ձայներով ընդունեց 106-րդ բանաձևը, սակայն Ջորջ Բուշի վարչակազմը վետո դրեց ԱՄՆ Պալատում և Սենատում ամբողջական քվեարկության վրա: Բանաձևի ներկայիս քննարկման ժամանակ Օբամայի վարչակազմն այնքան էլ ուժեղ ճնշում չէր գործադրում կոնգրեսականների վրա:

2007 թ.-ին բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ժամանակավորապես ետ էր կանչել իր դեսպանին Վաշինգտոնից: Նման արձագանքը մտավախություն էր առաջացրել ԱՄՆ վարչակազմում նաև այն պատճառով, որ Անկարան կարող է փակել մուտքը ամերիկյան ռազմաբազա, որն ակտիվորեն օգտագործվում էր Իրաքում իրականացվող օպերացիայի անցկացման համար:

Այժմ ԱՄՆ-ն փորձում է հասնել Թուրքիայի մասնակցության ընդլայնմանը Իրաքում և Աֆղանստանում իրականացվող օպերացիաներում: Վաշինգտոնը նաև Թուրքիայի աջակցության հույսն ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որտեղ երկիրը ոչ մշտական անդամ է՝ Ւրանի նկատմամբ պատժամիջոցների հարցում:

Առաջին քայլերը հարաբերություններում արվեցին 2008թ. սեպտեմբերի 6-ին, երբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլն առաջին անգամ  ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այցելեց Երևան՝ 2010 թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում երկու երկրների հավաքականների միջև ֆուտբոլային հանդիպումը դիտելու համար։Իսկ Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները 2009 թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:-0-