Թուրքիայի վարչապետ Թայիպ Էրդողանը չորեքշաբթի զգուշացրել է, որ Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարող է խափանվել, եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը չվերանայի Շվեյցարիայում նախորդ տարի հոկտեմբերին երկու երկրների միջև ստորագրված արձանագրությունների վերաբերյալ իր որոշումը:
«Թվում է՝ Հայաստանը փորձում է վերստուգել տեքստը (արձանագրությունները): Եթե Հայաստանի Սահմանադրական դատարանը չվերանայի իր որոշումը, (բանակցությունների) գործընթացը կմտնի փակուղի», - «ՌԻԱ Նովոստին» մեջբերում է Սաուդյան Արաբիայում գտնվող Էրդողանի հայտարարությունը՝ հղում անելով NTV հեռուստաընկերությանը:
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից: Թուրք-հայկական արձանագրությունները հոկտեմբերին ներկայացվել են Թուրքիայի մեջլիսի հաստատմանը:
ՀՀ Սահմանադրական դատարանը 2009թ. հունվարի 12-ին երկրի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչեց «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» ու «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրություններում ամրագրված պարտավորությունները: ՍԴ-ն իր որոշման մեջ սահմանել է, որ նշված արձանագրություններով ստանձնվող փոխադարձ պարտավորությունները` միջազգային իրավունքի սկզբունքներին համապատասխան, ունեն բացառապես երկկողմանի միջպետական բնույթ և չեն կարող վերաբերել ու տարաբնույթ հղումներով վերագրվել որևէ երրորդ կողմի կամ վերջինիս հետ նշված արձանագրություններն ստորագրած կողմերի փոխհարաբերություններին:
Թուրքիայի արտգործնախարարությունը հունվարի 19-ին հայտարարություն էր տարածել, որում նշել էր, որ Հայաստանի ՍԴ-ի որոշումը պարունակում է «նախապայմաններ և սահմանափակող դրույթներ, որոնք չեն համապատասխանում արձանագրությունների տառին և ոգուն»: Թուրքիայի արտգործնախարարությունը նշել է նաև, որ «ՍԴ-ի որոշումը խախտում է արձանագրությունների շուրջ բանակցությունները բուն մոտիվը, դրանց հիմնարար նպատակները և չի կարող ընդունվել»:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն իր հերթին նախօրեին հայտարարել է, որ մտադիր է կապվել իր թուրք գործընկեր Ահմեդ Դավութողլուի հետ` տարակուսանք հայտնելու Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության կապակցությամբ, որում նշվում է, որ հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ նախապայմաններ են առկա:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Նալբանդյանը մտադիր է Դավութօղլուից պարզել, «թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման մեջ թուրքական կողմը որտեղ է տեսել նախապայմաններ և ինչով է այն հակասում արձանագրութույնների հիմնարար նպատակին»:
«Հուսով եմ, որ նման հայտարարությամբ թուրքական կողմը չի փորձում արդարացնել իր կողմից նախապայմաններ առաջադրելու շարունակական փորձերը և քողարկել արձանագրությունների վավերացման գործընթացի անհարկի ձգձգումը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։
Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-