Ադրբեջանը հերթական հակահայկական ակցիան է անցկացրել Թբիլիսիում

27.10.2009, 15:42
Ադրբեջանը հերթական հակահայկական ակցիան է անցկացրել Թբիլիսիում
Ադրբեջանը հերթական հակահայկական ակցիան է անցկացրել Թբիլիսիում

Վրաստանում Ադրբեջանի դեսպանատունը նախօրեին Թբիլիսիի Marriott Courtyard-ում հերթական հակահայկական միջոցառումն է անցկացրել, Թբիլիսիից «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց հայ փորձագետ Ջոննի Մելիքյանը:

Նրա խոսքերով, Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի դեսպանատան կողմից հրատարակված անգլերեն և ռուսերեն լեզվով «Ադրբեջանի Հանրապետության դեմ Հայաստանի Հանրապետության ագրեսիան և դրա իրավական հետևանքները» գրքի  շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա են եղել Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչները, վրացի քաղաքագետներ, հասարակագետներ, կովկասագետներ, Վրաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ:

Ներածական հոդվածի կազմողն ու հեղինակը Վրաստանում Ադրբեջանի դեսպան պրոֆեսոր Նամիկ Ալիևն է:

«Գրքում ներառվել է Ադրբեջանի դեմ Հայաստանի ագրեսիայի իրավական հետևանքների մասին 3 զեկույց,  որոնք ընդունվել են որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթեր», - իր խոսքում նշել է դեսպանը:

Իր 20 րոպեանոց ելույթում ադրբեջանցի դիվանագետը հերթական անգամ ներկայացրել է իր երկրի անզիջում դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ՝ թվարկելով իրավական փաստաթղթերը, որոնք իբր հաստատում են այս հակամարտության մեջ Հայաստանի «անօրինական» և «ագրեսիվ» գործողությունները՝ մի քանի անգամ Հայաստանին համարելով «ագրեսոր, որը խախտել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Շնորհանդեսի վերջում դեսպանը հրավիրել է բոլոր մասնակիցներին ընթրիքի, որտեղ դեսպանատան ներկայացուցիչները գրքերը ձեռքներին բացատրում էին հյուրերին, «թե ինչ վատ են վարվել հայերը Ղարաբաղում»:

Ինչպես կարծում է հայ փորձագետը, նման միջոցառումների անցկացման հնարավորությունը հանգեցնում է այն մտքի, որ Հայաստանը մինչև վերջ չի օգտագործում վրացական քաղաքական դաշտն իր արտաքին-քաղաքական գործունեության մեջ: «Կարևոր չէ, թե դա Թբիլիսիում մեր դիվանագետների անգործության խնդիրն է, թե Վրաստանի հետ չաշխատելու ցանկությունը: Երկու դեպքում էլ մենք շատ բան ենք կորցնում», - նշել է Մելիքյանը:

Նրա կարծիքով, Ադրբեջանը հերթական ագնամ օգտագործում է իր նավթային դոլարները Ղարաբաղի վերաբերյալ իր քարոզի և սեփական դիրքորոշման առաջխաղացման հարցում:

«Խոսելով Վրաստանի մասին՝ մենք միշտ հիշում ենք Ջավախքն ու այդ տարածաշրջանի խնդիրները: Ընդ որում, մեր տեսանելիության դաշտից դուրս է մնում Թբիլիսիի և այլ շրջանների մեծ, սակայն շատ մասնատված հայկական համայնքը, որը, հնարավորություն չունենալով պահպանել սեփական ինքնությունը, տարեցտարի ավելի ու ավելի է ձուլվում՝ ինտեգրվելով վրացական հասարակության մեջ, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով կորցնելով հայեցիությունը», - կարծում է փորձագետը:-0-