Հայ-թուրքական գործընթացը կարող է արդյունավետ զարգանալ՝ կողմերի ջանքերի շնորհիվ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում ասաց Թուրքիայի նախագահի խորհրդական Զեյնեփ Դամլա Գյուրելը (Zeynep Damla Gurel):
Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:
«Արձանագրությունները ստորագրված են, մենք գտնվում ենք գործընթացի սկզբում: Սա շատ զգայուն գործընթաց է, ես համաձայն եմ, սակայն երկու կողմերի ջանքերով այն ավելի արդյունավետ կզարգանա», - ասաց Գյուրելը:
Նրա խոսքերով՝ Սերժ Սարգսյանի այցը Թուրքիա շատ կարևոր էր տարածաշրջանային հետագա գործընթացների համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 14-ին այցելեց Թուրքիա՝ երկու երկրների ֆուտբոլային հավաքականների հանդիպումը համատեղ դիտելու նպատակով: Այցի ընթացքում Սարգսյանը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները: Սա պատասխան այց էր: 2008 թ.-ի սեպտեմբերին Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Սարգսյանի հրավերով Երևան էր ժամանել Թուրքիայի նախագահը:
«Կարծում եմ, որ սա շատ դրական է, և դեռ լավ զարգացումներ են սպասվում», - նշել է Թուրքիայի նախագահի խորհրդականը:
«Մենք շատ լավ ենք մեկնարկում: Գյուլի այցը Հայաստան շատ կարևոր էր: Սարգսյանի ուղղած հրավերը և Գյուլի այցը Հայաստան շատ խիզախ քայլեր էին: Սարգսյանի պատասխան այցը ևս շատ խիզախ քայլ էր», - ասաց Գյուրելը:
Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Երկու եկրների միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-