ԱՄՆ-ն արժանի է հայերի ցեղասպանության մասին ճշմարտությունն ասող առաջնորդի. Օբամա

ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բարաք Օբաման հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն արժանի է այնպիսի առաջնորդի, ով ճշմարտությունը կասի հայերի ցեղասպանության մասին, հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին «Հայերն Օբամայի կողմնակից» կազմակերպությունում։
«ԱՄՆ հայկական համայնքում ցեղասպանության սարսափը տեսած մեկուկես միլիոն քաղաքացի է ընդգրկված, ովքեր շարունակում են ցավ ապրել ցեղասպանությունը չճանաչելու պատճառով։ Ամերիկան արժանի է այնպիսի առաջնորդ ունենալ, ով ճշմարտությունը կասի հայերի ցեղասպանության մասին և կարձագանքի բոլոր ցեղասպանություններին։ Ես պատրաստվում եմ հենց այդպիսի նախագահ լինել»,- ասել է Օբաման։
Նա անհիմն ու երկերեսանի անվանեց նախընտրական արշավում իր մրցակից սենատոր Ջոն Մակքեյնի ասածներն այն մասին, որ իբր Օբաման անլուրջ է վերաբերվում ապագայում ցեղասպանությունների կասեցմանը։
Ավելի վաղ սենատոր Մակքեյնը Օբամային մեղադրել է ընդհանրապես ցեղասպանության առնչությամբ իր՝ «այլևս երբեք» (never again) կոչի ոչ անկեղծ լինելու մեջ, չնայած այն բանին, որ Բարաք Օբաման այցելել է Յադ վա Շեմ՝ Հոլոքոստի ու Երուսաղեմում գտնվող հերոսության հուշարձան՝ ի հիշատակ Հոլոքոստի միլիոնավոր զոհերի, ջանքեր է գործադրում Դարֆուրում ցեղասպանությունը դադարեցնելու ուղղությամբ և քննադատում է հայերի ցեղասպանության առնչությամբ Բուշի վարչակարգի քաղաքականությունը։
«Բարաք Օբաման Դարֆուրում ցեղասպանության դեմ պայքարի առաջնորդն է եղել և հրապարակային քննադատության է ենթարկել հայերի ցեղասպանության առնչությամբ Բուշի քաղաքականությունը, այն դեպքում, երբ Մակքեյնն առավելագույնն, ինչ արել է, համակերպվել է թուրքական կառավարության կողմից մարդկության դեմ հանցանքի հարցում «բերան փակելու» քաղաքականության հետ»,- ասաց «Հայերն Օբամայի կողմից» կազմակերպության նախագահ Արին Իբրանոսյանը։
Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար հերքում է առաջին աշխարհամարտի տարիներին շուրջ մեկ ու կես միլիոն հայերի զանգվածային ոչնչացման վերաբերյալ մեղադրանքները և ծայրահեղ կերպով ցավագին արձագանք է տալիս հայերի ցեղասպանության հարցում Արևմուտքի կողմից հնչած քննադատությունը։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-