Հայաստանի դեմկուսը հունվարին կհայտարարի այն թեկնածուի անունը, որին կպաշտպանի նախագահի ընտրություններում

21.12.2007, 16:33
Հայաստանի դեմկուսը հունվարին կհայտարարի այն թեկնածուի անունը, որին կպաշտպանի նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) 2008թ. հունվարի վերջին կհայտարարի այն թեկնածուի անունը, որին կպաշտպանի նախագահի ընտրություններում։ Այս մասին ուրբաթ մամուլի ասուլիսում հայտարարեց ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Հունվարին մենք կքննարկենք այս հարցը և կորոշենք, թե ում և ինչու ենք աջակցում»,-ասաց նա։ Սարգսյանի խոսքերով քննարկման ենթակա չէ միայն Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին աջակցելու հարցը։ «Ոչ մի դեպքում մենք չենք աջակցի Տեր-Պետրոսյանին։ Իսկ մյուս բոլոր թեկնածուները կդիտարկվեն»,-ասաց Սարգսյանը։

Նա չբացառեց նաև իշխանական թեկնածու, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

«Այսօր վարչապետը, հիմնականում վարչական ռեսուրսի շնորհիվ նախընտրական քարոզարշավի հիմնական առաջատարն է»,-ասաց նա։ Խոսելով ընդդիմության շանսերի մասին՝ Սարգսյանը նշեց, որ ճիշտ քարոզարշավի շնորհիվ որոշակի կշիռ կարող են ունենալ «Օրինաց Երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը և Ազգային-ժողովրդավարական միության առաջնորդ Վազգեն Մանուկյանը։

Ինչ վերաբերում է Տեր-Պետրոսյանին, ապա Սարգսյանի կարծիքով, նրա ընտրախավը բավականին կայուն է, և նրան դժվար թե հաջողվի իր կողմը գրավել մեծ թվով նոր ձայներ։

«Մենք չենք ցանկանում դիտարկել և քննարկել իշխանությունները որպես ամբողջություն։ Սերժ Սարգսյանը վերջերս զբաղեցրեց վարչապետի պաշտոնը, և եթե մինչև 2008թ. հունվարը մենք նրա քաղաքականության մեջ տեսնենք երկրում համակարգային փոփոխությունների միտումներ, մենք կարող ենք աջակցել նրան»,-ասաց Սարգսյանը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—