Հայաստանի իշխանությունները շահագրգիռ են ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպման գործում. վարչապետ

20.12.2007, 12:25
Հայաստանի իշխանությունները շահագրգիռ  են ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպման գործում. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ իշխանությունները շահագրգիռ են և իրավասությունների շրջանակում կանեն հնարավորը` ընտրությունների բարձր մակարդակով կազմակերպման ու անցկացման գործում, հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ  ներկայացուցիչ Պիտեր  Սեմնեբիի հետ նախօրեին տեղի ունեցած հանդիպման ժամանակ։

«Սարգսյանը համոզմունք է հայտնել երկրի հետագա զարգացման համար նախագահական ընտրությունների արդյունքների կարևորության հարցում», - «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

ՀՀ կառավարության ղեկավարի խոսքերով, դրական գնահատականի արժանացած խորհրդարանական ընտրությունները այսօր դեռևս ընկալվում են ավելի շատ որպես բացառություն, քան օրինաչափություն: «Պետք է ամեն ինչ անել, որ նախագահական ընտրությունները դրական արդյունքներով փոխեն այդ ընկալումը», - ընդգծել է Սարգսյանը։

 Վարչապետը նշել է, որ կողմնակից է օբյեկտիվություն, հավատ ներշնչող բոլոր նախաձեռնություններին և այս առումով, չափազանց կարևորում է, օրինակ, հետընտրական հարցում անցկացնելու ԱՄՆ դեսպանության առաջարկը:

Ավելին, Հայաստանի վարչապետը առաջարկել է  նույնիսկ մի քանի հեղինակավոր  կազմակերպություններ զուգահեռաբար այդ ուղղությամբ աշխատեն, «որպեսզի որեւէ մեկի մոտ, իսկապես, կասկած չառաջանա օբյեկտիվության հարցում»։

Սարգսյանի կարծիքով, եթե երբ որևէ եվրոպացի պաշտոնյա կարծիք է արտահայտում ԶԼՄ-ների կողմնակալ լուսաբանման վերաբերյալ, չպետք է անտեսել, որ այդ կարծիքը հիմնված է նրան ներկայացված ոչ օբյեկտիվ նյութերի վրա:

«Եթե այդ կառույցին կամ նրա ներկայացուցչին հետաքրքրում է իրական վիճակը, արդյո՞ք չի կարող պայմանագրային հիմունքներով վարձել մասնագիտացված մի կազմակերպություն, որը կիրականացնի ամբողջական մոնիտորինգ` դիտարկելով և էլեկտրոնային, և տպագիր մամուլը:  Այդ դեպքում, որևէ մեկն առարկություն չի ունենա անաչառության հարցում», - ասել է վարչապետը։

Նրա խոսքերով, որ այժմ հարկ կլինի այդ նպատակով բանակցություններ վարել միջազգային հեղինակավոր այդպիսի կազմակերպություններից մեկի հետ, որպեսզի բարձր մասնագիտական որակով լիարժեք մոնիտորինգի ենթարկվի ԶԼՄ-ների կողմից ընտրությունների լուսաբանումը։

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Պյոտերինգի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, նա խնդրել է անպայման Հայաստան ուղարկել այդ կազմակերպության դիտորդներին։

ԵՄ հատու ներկայացուցիչ Սեմնեբին իր հերթին կարևորել է նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությունների մասնակցությունը։

Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. փետրվարի 19-ին։ ՀՀ ԿԸՀ՝ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար անհրաժեշտ փաստաղթերը ներկայացրել են՝ ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, Ազգային ժողովրդավարական միություն կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը և ԼՂՀ նախագահի նախկին խորհրդական Արման Մելիքյանը։ --0—