Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման համար անհրաժեշտ են համակարգային գործողություններ. փորձագետ

21.11.2007, 18:34
Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման համար անհրաժեշտ են համակարգային գործողություններ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի քաղաքական դաշտի առողջացման համար անհրաժեշտ են համակարգային գործողություններ, կարծում է ՀՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Թաթուլ Մանասերյանը։

«Այսօր Հայաստանի քաղաքական դաշտն անառողջ է, և դրա «բուժման» համար անհրաժեշտ են համակարգային և հավաքական գործողություններ։ Սակայն, մեր երկրում բոլորը անհատ գործիչներ են, այնինչ պետք է միավորել ջանքերը»,- չորեքշաբթի լրագրողներին հայտարարեց նա։

Նրա խոսքով, քաղաքական դաշտը պետք է լինի հագեցած և կայացած, որպեսզի «հակամարտությունը լինի ոչ միայն երկու առաջնորդների՝ ընդդիմադիր ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետորսյանի և գործող վարչապետ, իշխող ՀՀԿ  նախագահ Սերժ Սարգսյանի միջև»։

«Քաղաքական ուժերը պետք է հիմնվեն գաղափարների վրա, այլ ոչ թե առաջնորդների անձնական որակումների։ Մեր երկրին անհրաժեշտ է քաղաքական ներկապնակ ձևավորել, ինչը թույլ կտա ուղղել շտկել դրությունը»,- նշեց Մանասերյանը։

Նրա կարծիքով, Հայաստանում արդեն վաղուց է հասունացել նոր առաջնորդի անհրաժեշտությունը։ «Այսօրվա մեր քաղաքական աառջնորդներից ոչ մեկն էլ չի կարող պարծենալ նրանով, որ հստակ պատկերացնում է քաղաքականության մեջ առկա միջազգային ուղղվածությունները, ինչպես նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները»,- կարծում է նախկին պատգամավորը։

Նա նաև ավելացրեց, որ առանձնապես սպասելիքներ չունի ոչ Տեր-Պետրոսյանից, ոչ էլ Սերժ Սարգսյանից։ «Ոչ նախկին, ոչ էլ ներկայիս իշխանություններն այսքան տարիների ընթացքում չկարողացան օգտագործել համազգային կառույցները և հասարակությանը սովորեցնել համազգային մտածողության»,- ասաց Մանասերյանը։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։

Նախագահի պաշտոնի համար պայքարելու իրենց մտադրության մասին հայտարարել են, մասնավորապես,  «Օրինաց Երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ԱԺՄ առաջնորդ, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը, Հայաստանի Մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը, Ժողովրդական  կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը։

Իշխող կոալիցիայի անդամ ՀՅԴ-ն  նախագահական ընտրություններում՝ որպես երկու հավանական թեկնածու, առաջադրել է ԱԺ փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին և Հայաստանում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանին։

Վարչապետ Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններին առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում։

Քաղաքագետների կարծիքով, նախագահի ամենահավանական թեկնածուն ՀՀ  ներկայիս վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է։

ՀՀ նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է, որը տասնամյա լռությունից հետո վերադարձել է քաղաքականություն։ Նրա անձի շուրջ արդեն ձևավորվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի դաշինք։ --0—