Հայաստանի ժողովրդական կուսակցությունը 2008 թ.-ի նախագահական ընտրություններին կաջակցի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը

15.11.2007, 12:22
Հայաստանի ժողովրդական կուսակցությունը 2008 թ.-ի նախագահական ընտրություններին կաջակցի Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը

Նախօրեին տեղի ունեցած նիստի ժամանակ Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) քաղաքական խորհուրդը առաջարկել է 2008 թ.-ի նախագահական ընտրություններին աջակցել Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությանը։ Այս մասին հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց  ՀԺԿ անդամ, կուսակցության քարտուղար Ռուզան Խաչատրյանը։

Նրա խոսքերով, նման առաջարկով հանդես է եկել ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը՝ հաշվի առնելով, որ Հայաստանի նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն արդեն հայտարարել է նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։ «Այս առաջարկությունը կուսակցության քաղաքական խորհուրդը կներկայացնի նոյեմբերի վերջին կայանալիք կուսակցության համագումարի ժամանակ», - ասաց նա։

Հայաստանում նախագահական ընտրությունները նշանակված են 2008-ի փետրվարի 19-ին։ Վարչապետ Սերժ Սարգսյանի նախագահության թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 10-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նիստում, որի նախագահը նա է։ Փորձագետների գնահատականներով, Սերժ Սարգսյանն ունի նախագահական ընտրություններում հաղթելու ամենամեծ հավանականությունը։

Հայաստանի նախագահի պաշտոնին ընդդիմության հիմնական թեկնածուն է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը քաղաքականություն է վերադարձել 10 տարի ընդմիջումից հետո։ Նրա անձի շուրջ ձևավորվել է ընդդիմադիր քաղաքական ուժերի խումբ։-0-