Գաղափարական պայքարը նախագահական ընտրությունների նախօրեին անտեղի է. պատգամավոր
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Այսօր գաղափարական պայքարը նախագահական ընտրությունների նախաշեմին անտեղի է, երեքշաբթի լրագրողներին հայտարարեց իշխող ՀՀԿ-ից ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։
Նրա խոսքերով, նախագահական ընտրությունների նախաշեմին մի շարք քաղաքական կուսակցությունների կողմից գաղափարական պայքար մղելու կոչերը քաղաքական խորամանկություն են։
«1990-91թթ. Հայաստանում գաղափարական պայքար կար, երբ երկրին անհրաժեշտ էր ընտրել զարգացման հետագա ուղին։ Մենք արդեն վաղուց կատարել ենք մեր ընտրությունը և հիմա նման խնդիր չունենք»,- կարծում է Աշոտյանը։
Նա նշեց, որ այսօր երկրում նախագծված են արտաքին և ներքին քաղաքականության որոշակի շրջանակներ՝ Սահմանադրության և միջազգային պարտավորությունների տեսքով, որոնք յուրաքանչյուր նախագահ պարտավոր է կատարել։
Այդ իսկ պատճառով, պատգամավորի կարծիքով, ավելի տեղին է խոսել ոչ թե կուսակցության գաղափարախոսության, այլ նրանց ծրագրերի մասին։
«Գաղափարախոսությունը կրում է կուսակցությունը, և գաղափարական պայքարի մասին պետք էր խոսել խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը տեղի չունեցավ։ Նախագահական ընտրությունները ենթադրում են ավելի լավ ծրագրի և անձի ընտրություն, որը կարող է իրագործել այդ ծրագիրը»,- ընդգծեց պատգամավորը։
Միաժամանակ, Աշոտյանն ավելացրեց, որ առավել մրցունակ է համարում ՀՀԿ-ի ծրագիրը, որն, ի տարբերություն մյուս կուսակցությունների ծրագրերից, համապաատսխանում է Հայաստանի ժամանակակից պահանջներին։
Նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի կունենան 2008թ. առաջին կեսին։--0—

