ՄԱԿ ՀՀ խորհրդարանական ընտրություններում հաջողության չհասավ, քանի որ չցանկացավ օգտվել «սև փիարից». կուսակցության առաջնորդ
ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի միացյալ աշխատանքային կուսակցությունը (ՄԱԿ) հաջողության չհասավ խորհրդարանական ընտրություններում, որովհետև չցանկացավ օգտվել «սև փիարից»։ Այս մասին հինգշաբթի Երևանում լրագրողներին հայտարարեց ՄԱԿ առաջնորդ Գուրգեն Արսենյանը։
Նրա խոսքերով, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՄԱԿ-ը արժանապատվորեն դրսևորեց իրեն և դուրս չեկավ քարոզարշավի բարոյապես թույլատրելի նորմերի սահմաններից։
«Ես ամբողջովին իմ վրա եմ վերցնում պատասխանատվությունն այն բանի համար, որ մենք պիկ ժամերին դուրս չենք եկել և չենք ձգտել ընտրազանգվածի բարեհաճությունը ձեռք բերել սև փիարի միջոցով»,- ասաց նա։
Այս կապակցությամբ Արսենյանը ձեռնպահ մնաց Հայաստանի գործող խորհրդարանին որևէ որակական գնահատական տալուց և նշեց, որ դա հնարավոր կլինի անել ոչ շուտ, քան մեկ տարի անց, երբ պատգամավորները «ամբողջովին կմտնեն իրենց դերի մեջ և կպարզեն իրենց պարտավորությունները»։
Կուսակցության տվյալներով, 2007թ. մայիսի 12-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՄԱԿ-ը չմտավ ՀՀ ԱԺ կազմի մեջ՝ համամասնական համակարգով հավաքելով ընտրաձայների 4,4 տոկոսը (60 հազար ձայն)։
Խորհրդարան մտան հինգ կուսակցություններ՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստանը» և Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Օրինաց երկիրը» և «Ժառանգությունը»։ --0—