Կառավարությունը ծախսում է իր փողն այնպես, ինչպես մենք մեր հարսանիքներին. Փաշինյան

05.09.2024, 14:14
Փաշինյանի խոսքով՝ ռեստորանային առիթների ժամանակ քաղաքացիներն իրենց անհրաժեշտից 20-30 տոկոս ավել են պատվիրում
Կառավարությունը ծախսում է իր փողն այնպես, ինչպես մենք մեր հարսանիքներին. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի․/Նովոստի-Արմենիա/. Մեր ծախսային քաղաքականությունների էֆեկտիվությունը շատ մեծ պրոբլեմ է։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է խոստովանենք, որ շատ դեպքերում, շատ պետական միջոցներ արդյունավետ չեն ծախսվում, բայց առաջին էմոցիոնալ ալիքն անցնելուց հետո, երբ վերլուծում ես, կառավարությունն օդից չի ընկել: Մենք մեր տների, մեր միջավայրի ծախսային կուլտուրայի կրողն ենք»,- ասաց է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հասկանալու համար, թե ինչպես է կառավարությունը ծախսում գումարները, պետք է ուշադրություն դարձնել քաղաքացիների միջոցառումներին։

«Պետք է գնալ մտնել մեր հարսանիքները, կնունքները, ծնունդները, տեսնենք՝ ինչպես ենք ծախսում այդ միջոցառումների վրա։ Ոնց այնտեղ ենք ծախսում, այնպես էլ այստեղ ենք ծախսում: Երբ առիթ է լինում ռեստորաններում, համատարած մեր բոլոր քաղաքացիներն իրենց անհրաժեշտից մի 20-30 տոկոս ավել են պատվիրում: Երբ նայում ես՝ նստած ես սրահում, մարդիկ հաշիվը փակում են, գնում, աչքդ ընկնում է՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, երեք այդքան մարդ կարող են գալ, նստել, սնվել, թողնել, գնալ»,- կիսվեց Փաշինյանը։

Ըստ նրա՝ այստեղ կա նաև սոցիալ-հոգեբանական խնդիր։

«Այստեղ մեխանիզմներ կան, որ, էլի, կրթության ոլորտի հարցեր են, թե ինչպես ենք մենք իրադրություններն ընկալում։ Ինչու է մեր սեղաններին միշտ, երբեմն՝ ավել սնունդ, քան պետք է ուտել կշտանալու համար։ Բոլորս ենք այդպես անում, որովհետև մտածում ենք, չասեն՝ երկու կոպեկ խնայել են, կարող է էդքան էլ ցանկալի հյուր չենք»,- հավելեց Փաշինյանը։