ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Իսրայել իշխանություններին հումանիտար օգնություն ուղարկել ոչ թե Երևանին, այլ Լեռնային Ղարաբաղում գտնվող վարձկաններին, ում, իր խոսքով, զինում է հրեական պետությունը: Այդպիսով նա մեկնաբանել է երկուշաբթի The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում հնչեցված իսրայելական առաջարկը՝ հանրապետությանը օգնություն տրամադրելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հումանիտար օգնություն մի երկրից, որը վարձկաններին զենք է վաճառում, որն օգտագործվում է խաղաղ քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելու համա՞ր: Ես առաջարկում եմ Իսրայելին օգնությունն ուղարկել վարձկաններն և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»,- հայտնել է ՀՀ վարչապետը:
Փաշինյանը նաև կոչ է արել Իսրայելին մտածել այն հարցի շուրջ, թե վերջինս «իսկապես ցանկանում է Թուրքիայի հետ նույն կողմում լինել», որը, իր պնդմամբ, հազարավոր սիրիացի վարձկաններ է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողություններ վարելու համար:
Ինչպես նշում է պարբերականը, վարչապետը նույնպես զգուշացրել է, որ Անկարան կարող է շուտով իր «կայսերական նկրտումներն» ուղղել Իսրայելի դեմ: Նրա խոսքով, իրադարձությունների նման զարգացումը հանդսանում է «ժամանակի հարց»:
Հոկտեմբերի 5-ին Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը իր հայ գործընկեր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ զրույցում նշել է, որ Իսրայելի հարաբերությունները Ադրբեջանի հետ երկարաժամկետ բնույթ են կրում, և վստահեցրել, որ «երկու երկրների միջև համագործակցությունն ուղղված չէ որևէ կողմի դեմ»: Ռիվլինը նաև նշել է, որ Իսրայելը «շահագրգիռ է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման մեջ և պատրաստ է առաջարկել հումանիտար օգնություն»: -0-