Փաշինյանը պատասխանել է նախկին նախագահներին. Ղարաբաղի հարցը կապող թոկ էր՝ ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար

10.11.2025, 13:50
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից վերջերս արված հայտարարություններին
Փաշինյանը պատասխանել է նախկին նախագահներին. Ղարաբաղի հարցը կապող թոկ էր՝ ՀՀ-ն «մոտակա ծառից» կապելու համար

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/.    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին։

«ՔՌ–ի եւ ՍՍ–ի վերջին օրերի հայտարարությունները վերահաստատում են այն, որ Ղարաբաղի հարցը հայտնի ուժերի ձեռքին եղել է թոկ Հայաստանի Հանրապետությունը «մոտակա ծառից» կապելու համար։ Ժողովուրդների իրավունքները, պատմական արդարությունը եւ նման եզրույթները եղել են ընդամենը հիմնական նպատակը ծխածածկելու համար»,-գրել է Փաշինյանը սոցցանցի իր էջում։

Փաշինյանը նշել է, որ բոլոր բանակցային գործընթացներն ու առաջարկները թոկը կարճացնելու մասին էին՝ հավելելով, որ բանակցային փաստաթղթերը կհրապարակվեն տարեվերջին՝ դա ավելի տեսանելի դարձնելով։

««Պատերազմը կանգնեցնելու» բոլոր առաջարկները եղել են թոկը կարճացնելու մասին։ Թոկը կարճացնելու այս պրոցեսի վերջնանպատակը եղել է Հայաստանի պետականությանը վերջ դնելը։ Այդ սցենարում Ղարաբաղի կոնֆլիկտը պետք է ավարտվեր միայն ու միայն Հայաստանի պետականության կորստով», - ընդգծել է նա։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների կյանքի գնով, Հայաստանի Հանրապետության եւ Ղարաբաղի մեր ժողովրդի պատմական ինտուիցիայի շնորհիվ կարողացել է դուրս գալ այդ սցենարից։

«ՔՌ–ն եւ ՍՍ–ն առաջարկում են վերադառնալ այդ սցենարին, որն ի սկզբանե գրվել եւ իրագործվել է «Լենին, պարտիա, Գորբաչով» կարգախոսի եւ մեծ հավանականությամբ ՊԱԿ (КГБ) հովանու ներքո։ Ու քանի որ ակնհայտորեն սրանց հնարավորությունները զրոյական են, փորձ է արվում ձեւավորել «երիտլենինպարտիագորբաչովականների կոհորտա» հին КГБ–ականների հովանու ներքո։ Սպասվող արդյունքը՝ 0+0=0»,-գրել է նա՝ հավելելով, որ   Ղարաբաղի ժողովուրդը Կառավարության աջակցությամբ պետք է տնավորվի Հայաստանի Հանրապետությունում։

«Ճիշտ է, սա ծավալուն, բարդ եւ մեծ ռեսուրսներ պահանջող ծրագիր է, բայց այն մենք շարունակելու ենք իրագործել»,-եզրափակել է Փաշինյանը։