Փաշինյանը ԵՄ հանձնակատար Մարթա Կոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգի հետ կապված հարցեր
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբեր․/Նովոստի-Արմենիա/. Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ նոր գործընկերության օրակարգին և դրանով սահմանված հավակնոտ ռազմավարական գործողությունների իրականացմանը վերաբերող հարցեր:
Կառավարության մամուլի ծառայության տեղեկացմամբ, կողմերն անդրադարձել են առաջիկա անելիքներին և համագործակցության խորացման հեռանկարներին՝ շեշտելով, որ վերջին տարիներին Հայաստան–ԵՄ հարաբերությունները նոր որակ ու խորություն են ձեռք բերել:
Փաշինյանը բարձր է գնահատել ԵՄ-ի հետևողական աջակցությունը մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում և ընդգծել ՀՀ Կառավարության շահագրգռվածությունը՝ բոլոր ոլորտներում ԵՄ ստանդարտների ներդրման հարցում:
Իր հերթին, Մարթա Կոսը շեշտել է ԵՄ պատրաստակամությունը՝ շարունակելու ՀՀ-ի հետ տարբեր ուղղություններով կապերի խորացման և ընդլայնման քայլերը: Կողմերը գոհունակությամբ ընդգծել են վիզաների ազատականացման շուրջ արդյունավետ երկխոսության փաստը և նշել, որ այդ ուղղությամբ ևս արձանագրվել է զգալի առաջընթաց:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տարածաշրջանում ստեղծված հնարավորությունների, մեր երկրում TRIPP նախագծի և «Խաղաղության խաչմերուկ»-ի իրականացման շուրջ:

