Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն․ Թաթոյան

14.03.2025, 12:20
Թաթոյանը նշել է, որ սյսպես կոչված «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր
Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն․ Թաթոյան

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի․/Նովոստի–Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չունի միջազգային ատյաններից Ադրբեջանի դեմ Հայաստանի գանգատներից հրաժարվելու կամ այդպիսի որոշումների վրա ազդելու լիազորություն, հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը։

«Նա այդ հայտարարություններն անում է ՔՊ ղեկավարի իր նեղ շահերի գերակայությամբ` ի չարը գործադրելով ՀՀ վարչապետի կարգավիճակը», – գրել է Թաթոյանը Telegram–ի իր ալիքում։

Թաթոյանը նշել է, որ սյսպես կոչված «խաղաղության համաձայնագրում» պետք է լինեին Ադրբեջանի իշխանության կողմից միջազգային ատյաններում ՀՀ գանգատների կատարման, այլ ոչ թե դրանցից հրաժարվելու հարցեր:

Նա հիշեցրել է Փաշինյանի խոսքերը․ «Արցախի ժողովուրդն ինձ իրեն որևէ տեղ ներկայացնելու մանդատ չի տվել» (օրինակ` 05.02.2019թ. հարցազրույց):

«Առավել ևս, ՔՊ ղեկավարը չի կարող հարյուր հազարավոր մարդկանց զրկել իրենց համար ճակատագրական իրավունքներից», – նշել է Թաթոյանը;

Նա հայտարարել է, որ Փաշինյանը չունի նաև ՀՀ քաղաքացիներին և Հայոց սփյուռքին իրենց իրավունքների՝ պատմական նշանակության զանգվածային խախտումների համար պաշտպանության հնարավորությունից զրկելու իրավասություն:

«Կառավարության ղեկավարը չունի հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքներ վերականգնմանն ուղղված միջազգային դատական գործընթացները կանգնեցնելու իրավունք: Բացի այն, որ կա իրավական արգելք, նման համազգային նշանակության հարցերի լուծմանը մասնակցությունը պահանջում է բարձր հանրային վստահություն կամ աջակցություն: Ակնհայտ է, որ ՔՊ ղեկավարը չունի նման վստահություն կամ աջակցություն, հետևաբար` նա չունի նման իրավունք», – նշել է Թաթոյանը։